Բացահայտիր Շիրակը - Մհեր Մկրտչյանի թանգարանը Գյումրիում

· Գյումրի

Բացահայտիր Շիրակը - Մհեր Մկրտչյանի թանգարանը Գյումրիում

Մհեր Մկրտչյանի թանգարանը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Շոթա Ռուսթավելու փողոցի 30 հասցեում (Վարպետաց և Ռուսթավելու փողոցների հատման կետում)։

Այս մշակութային օջախը հիմնադրվել է 2004 թվականին Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին։

Այն տեղակայված է 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում, որը կառուցված է սև տուֆից։

​Թանգարանի նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն։

Ցուցադրությունում ընդգրկված են սիրված արտիստի բեմական հագուստներն ու իրերը, որոնք նա օգտագործել է իր հայտնի ֆիլմերում՝ «Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66» և այլն։

Առանձնահատուկ արժեք ունեն «Մեր մանկության տանգոն» ֆիլմի կամոդը, «01-99» ֆիլմի տակառիկը և «Նվագախմբի տղաները» ֆիլմի գալիկոնը։

Թանգարանում պահպանվում են նաև մեծ արտիստի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող ավելի քան 270 լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր և նույնիսկ նրա ձեռքով արված գծանկարները։

​Հավաքածուն պարբերաբար համալրվում է. 2007 թվականին Մհեր Մկրտչյանի թոռնուհին՝ Իռեն Տերտերյանը, թանգարանին է հանձնել շուրջ 1500 նոր ցուցանմուշ։

Բացի մշտական ցուցադրությունից, թանգարանում իրականացվում են նաև կրթամշակութային միջոցառումներ, թեմատիկ ցերեկույթներ, զեկուցումներ և ռեֆերատների ընթերցումներ՝ տարբեր ուսումնական հաստատությունների մասնակցությամբ։

Այն ընդգրկված է նաև «Համայնապատկերային թանգարաններ» զբոսաշրջային ուղեցույցում։

Թանգարանն այցելուների համար բաց է ամեն օր, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, բացառությամբ երկուշաբթի օրերի։

Կոորդինատներ. 40°47’19.61”N 43°50’33.79”E