Բացահայտիր Շիրակը-Ախուրյան. Գետ, որտեղ հանդիպում են պատմությունն ու բնությունը

Ախուրյանը, որը հայտնի է նաև բազմաթիվ այլ պատմական անուններով, ինչպիսիք են Ախուրանը, Ախուրենը, Ահուրը, Արևմտյան Արփաչայը և Մեծամորը, հոսում է Հայաստանի Շիրակի մարզով և Թուրքիայով:
Գետը սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից և Հայաստանի Հանրապետության երրորդ ջրառատ գետն է:
Ախուրյանի միջին ծախսը կազմում է 26,9 խմ/վ, ինչը տարեկան կազմում է մոտ 900 միլիոն մ³:

Գետն ունի 186 կմ երկարություն:
Իր վերին հոսանքում գետն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետև ընդունում է մի քանի մանր վտակներ և որպես ջրառատ գետ մտնում Շիրակի դաշտ:
Այստեղ Ախուրյանին են միանում Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է:
Աղին կայարանից մի փոքր հյուսիս Կարսագետն ընդունելուց հետո, գետը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը քարքարոտ ափերի մեջ, շարունակում է հոսել մինչև Արաքսին միանալը:
Գետի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ նրա ձախ ափին գտնվում է Գյումրի քաղաքը, իսկ աջ ափին՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի ավերակները:

Ախուրյանի ջրերի արդյունավետ օգտագործման նպատակով դեռևս 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարել է անվանի ինժեներ Լ. Ա. Տեր-Աստվածատրյանը:
Ջրանցքը շահագործման է հանձնվել 1925 թվականին, ինչը զգալիորեն հեշտացրել է տարածաշրջանի հողամասերի ոռոգումը:
Հատկանշական է, որ ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը:
Ախուրյանի կիրճն ու հովիտը ոչ միայն աշխարհագրական տարածքներ են, այլև բացօթյա թանգարան, որտեղ ամեն քար ու ջրի կաթիլ պատմում է հայոց հինավուրց մայրաքաղաքների և բնության անսասան ուժի մասին։
Կոորդինատներ. 40.4392, 43.6522