Բացահայտիր Շիրակը․Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

· Գյումրի

Բացահայտիր Շիրակը․Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 40°47’03”N 43°50’29”E աշխարհագրական կոորդինատներում:

Այն կառուցվել է 1860-ական թվականներին Անիի մայր տաճարի նմանությամբ, և շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին:

Շինարարության ղեկավարն ու ուստաբաշին (վարպետաց վարպետը) եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը), իսկ փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը:

Վերջինս եկեղեցու վեցփութանոց խաչը հնարամտորեն վեր բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է «Արտիստ» պատվանունը:

​Եկեղեցու 36 մետր բարձրությամբ զանգվածին չի կարողացել վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժը, քանի որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար շենքը կառուցել էին քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին:

Ցնցումների դեպքում այս հիմքը պիտի խաղար, ինչը և բարձր դեր է խաղացել՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը:

1882 թվականին Ձիթողցյանների միջոցներով եկեղեցու հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ: Եկեղեցուն կից գործել է նաև հայկական ծխական դպրոց, որի շենքը քանդվել է խորհրդային տարիներին:

​Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ, իսկ դրա զանգակատունը 1932 թվականին փորձել են քանդել տանկերով, իսկ հետո՝ պայթեցնել:

1960-ական թվականներին զանգակատունը վերաշինվել է: Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի սպիտակյան կործանարար երկրաշարժի ժամանակ:

Երկար ժամանակ այն վերականգնել չէին թողնում, քանի որ ցանկանում էին այն վերածել երկրաշարժի հուշարձանի: Միայն 1995 թվականին եկեղեցին վերականգնող ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանն ու նրա որդի Գարեգին Եղոյանը, մեծ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանից ստացան եկեղեցին վերականգնելու թույլտվությունը:

​Վերականգնման ընթացքում վարպետները հնարավորինս օգտագործել են եկեղեցու հին քարերը: Այս գործընթացի համար հանգանակություններ են կատարվել ժողովրդի կողմից, սակայն շինարարական աշխատանքները մի քանի անգամ նոր թափ ստանալուց հետո ֆինանսների սակավության պատճառով կրկին կանգ են առել:

2002 թվականից եկեղեցու վերականգնման աշխատանքների ծախսն իր վրա է վերցրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

2014 թվականին եկեղեցու արտաքին տեսքն ամբողջությամբ վերականգնվել է. նույն թվականի հունիսի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն օծել է եկեղեցու խաչերը, և դրանք տեղադրվել են գմբեթի ու զանգակատան վրա:

Եկեղեցին վերաբացվել է 2023 թվականին, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին Գարեգին Երկրորդն այն վերաօծել է, և այն այժմ գործում է: