Բացահայտիր Շիրակը - Կրասարի պատմական կամուրջը

Կրասարի կամուրջը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի հյուսիսում՝ Աշոցքի տարածաշրջանում, Ախուրյան գետի վտակներից մեկի վրա։
Այն իրար է կապում Կրասար և Սեպասար համայնքները՝ լինելով երկու գյուղերի միջև միակ կապող ճանապարհը։
Այս 14 մետր երկարությամբ եռաթռիչք կամուրջը կառուցվել է 19-րդ դարում՝ 1873 թվականին, «կիմրեցի» Ստեփաննոս Անանիկյանցի միջոցներով ու ծախսերով՝ ի հիշատակ իր, կողակցի՝ Գայանեի, եղբոր՝ Կարապետի, նրա կողակցի՝ Հռիփսիմեի և նրանց ծնողների հոգիների փրկության համար։
Շինարարության վերակացուն եղել է Գրիգոր Ռաֆայելյանցը։ Կառույցի մասին հիշատակվում է Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» գրքում, որտեղ այն բնութագրվում է որպես սև և կարմիր քարերով կառուցված վայելուչ եռակամար կամուրջ։

Շինության վրա առկա է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և թուրքերեն արձանագրություն։ Կամուրջը ներառված է համայնքի պատմամշակութային անշարժ հուշարձանների շարքում և Կրասարի 9 հուշարձաններից մեկն է։
Ճարտարապետական կառուցվածքով այն շատ նման է Կարս քաղաքի կամրջին։ Կառուցված է սև և կարմիր կոպտատաշ տուֆից, իսկ թռիչքների եզրագոտիները սրբատաշ քարերից են։
Կամրջի թռիչքների չափսերն են 5 x 5 մետր, հենասյուներինը՝ 3 x 14 մետր, իսկ բանող մասը կազմում է 6 x 30 մետր։
Կամրջից մոտ 100 մետր դեպի արևելք գտնվել է մի քարավանատուն, որը եղել է սուրհանդակների հանգրվան դեպի Վրաստան տանող ճանապարհին։
Խորհրդային տարիների սկզբներին այդ շինությունը ծառայել է որպես փոստատուն, ինչի պատճառով տեղացիները տեղանքը մինչ օրս էլ անվանում են «Փոշտի դոշ»։
Խորհրդային տարիներին, հաշվի չառնելով կամրջի ամրությունը, որոշվել է դրա վրայով մեծ տրամաչափի խողովակով ջրագիծ անցկացնել։
Այդ խողովակաշարը շահագործվել է մինչև 1970-ական թվականները։ Հետագայում ջրագիծը պատճառ է դարձել կամրջի արևմտյան կողմի՝ 1-ին և 2-րդ թռիչքների միջև գտնվող պատերի փլուզմանը։
Չնայած կամուրջն այսօր էլ կանգուն է և շարունակում է ծառայել որպես ճանապարհ, այն ներկայումս գտնվում է վթարային վիճակում։
Կոորդինատներ. 01′50″N 43°49′15″E