Շիրակի մարզում կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք

ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման, ինչպես նաև կամավոր հանձնելու ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ։
Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Գյումրիից Հացիկ տանող ճանապարհի հարակից ջրանցքի մոտ։
Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, 2 ողորկափող հրացան, ատրճանակ, 3 նռնակ և 3 պայթուցիչ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը