Բացահայտիր Շիրակը - Ջրափիի քարավանատուն. Միջնադարյան հյուրանոց Անիի ճանապարհին

Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է քարավանային և առևտրական ճանապարհների կարևորագույն խաչմերուկ՝ կապելով Արևելքն ու Արևմուտքը, ինչով էլ պայմանավորված է եղել քարավանատների կառուցումն ու զարգացումը։

Շիրակի մարզի Ջրափի գյուղում գտնվող այս եզակի քարավանատունը կառուցվել է X-XI դարերում՝ Անիի ծաղկման շրջանում, և սպասարկել է Վրաստանից ու Հայաստանի հյուսիսից դեպի մայրաքաղաք Անի տանող գլխավոր առևտրական ուղին։
Քարավանատունը հիմնականում նախատեսված է եղել օտարերկրացի հյուրերի և առևտրականների համար՝ ապահովելով նրանց անվտանգ օթևանը։
Ճարտարապետական առումով այն ներկայացնում է եռանավ դահլիճային կառույց՝ 31 մետր երկարությամբ և 13,65 մետր լայնությամբ։

Շինության ներքին տարածքը երկու շարքով դասավորված ութական հաստահեղույս մույթերի միջոցով բաժանված է երեք նավերի։
Միջին նավն ունի 4,15 մետր լայնություն, իսկ կողայինները՝ մոտ 3,8 մետր։
Մույթերը միմյանց և արտաքին պատերի հետ կապված են թաղակիր կամարներով, որոնք պահում են դահլիճը ծածկող գլանաձև թաղերը։

Կառույցը հիմնովին կերտված է սև սրբատաշ տուֆից և կրաշաղախից, իսկ որոշ հատվածներում օգտագործվել է նաև ճեղքված տուֆ։ Քարերի վրա մինչ օրս տեսանելի են միջնադարյան վարպետների կողմից փորագրված նշանները, որոնք հանդիպում են նաև նույն ժամանակաշրջանի այլ հուշարձանների վրա։
Հուշարձանի ճակատագիրը հետաքրքիր շրջադարձ է ունեցել 1970-ական թվականներին։

Ախուրյանի ջրամբարի կառուցման հետևանքով Ներքին Ջրափի գյուղը և քարավանատան նախնական տարածքը պետք է հայտնվեին ջրի տակ։
Պատմական արժեքը փրկելու նպատակով կառույցը քար առ քար զգուշությամբ չափագրվել է, տեղափոխվել և նույնությամբ վերականգնվել նոր Ջրափի գյուղի բարձրադիր վայրում։
Այն սկզբնապես գտնվել է Ախուրյան գետի ձախ ափին՝ հայտնի միջնադարյան կամրջի հարևանությամբ, որը նույնպես կարևոր դեր է խաղացել տարանցիկ առևտրում։
Այս պատմական կառույցն այսօր գտնվում է Շիրակի մարզի Ջրափի գյուղի արևմտյան եզրին, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի հարևանությամբ։
Տեղանքը հասանելի է զբոսաշրջիկների և արշավականների համար, ովքեր ցանկանում են տեսնել միջնադարյան ճարտարապետության այս վեհաշուք մնացորդները և զգալ Մետաքսի ճանապարհի շունչը։
Կոորդինատներն են՝ 40.5471° N, 43.6874° E