Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին-Արմեն Տիգրանյան. Հայ ազգային օպերայի հիմնադիրը
· Գյումրի

Արմեն Տիգրանյանը հայկական ազգային օպերայի հիմնադիրն է, հայ երգահան, խմբավար և ԽՍՀՄ-ի արվեստի վաստակավոր գործիչ, ում անունը անբաժանելի է հայ դասական երաժշտության պատմությունից։
Նա ծնվել է 1879 թվականի դեկտեմբերի 14-ին (կամ նոր տոմարով՝ դեկտեմբերի 26-ին) Ալեքսանդրապոլում (այժմյան Գյումրի)։
Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, ակտիվորեն մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին, իսկ նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների խորը յուրացումը։
Նրանց տանը հաճախ են հավաքվել ժամանակի անվանի արվեստագետներ ու բանաստեղծներ, կազմակերպվել են գրական-երաժշտական հարուստ երեկոներ, ինչը նույնպես նպաստել է նրա ստեղծագործական աճին։
Կոմպոզիտորի ամենահայտնի ու մնայուն գործերն են «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաները։
Դեռևս 1908 թվականին Տիգրանյանն սկսել է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի, ինչը հայկական երաժշտական թատրոնում հիմք է դրել ոճական միանգամայն նոր ուղղության։
Նույն թվականին օպերայից առանձին հատվածներ արդեն ներկայացվել են Թիֆլիսում։ «Անուշ» օպերան ամբողջությամբ առաջին անգամ բեմադրվել է 1912 թվականին հեղինակի նախաձեռնությամբ՝ Ալեքսանդրապոլում։
Հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս անդրադարձել է իր այս գլուխգործոցին, կատարել որոշակի փոփոխություններ, հավելումներ և վերանայել է դրա գործիքավորումը։
Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշը» առաջին անգամ բեմ է բարձրացել 1935 թվականին, իսկ 1939 թվականին այն մեծ հաջողությամբ ներկայացվել է Մոսկվայում՝ հայ արվեստի և գրականության տասնօրյակին։
Արմեն Տիգրանյանի կյանքի մյուս կարևոր փուլը կապված է Թիֆլիսի հետ, որտեղ նա բնակություն է հաստատել 1913 թվականից։
Այստեղ նա ակտիվորեն մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության աշխատանքներին (1912–1921 թվականներին), դասավանդել է Հովնանյան դպրոցում և հանդես եկել բազմաթիվ համերգներով։
Այս շրջանում կոմպոզիտորը գրել է նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ երաժշտություն «Լեյլի և Մեջնուն» դրամայի համար, որը բեմադրվել է 1918 թվականին Թիֆլիսում, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված «Արևելյան պար», տարբեր խմբերգեր ու մշակել է բազմաթիվ ժողովրդական երգեր։
1920–30-ական թվականներին Տիգրանյանը շարունակել է բեղմնավոր գործունեությունը՝ ստեղծելով մի շարք երգեր, կանտատներ, խմբերգային երկեր և դաշնամուրային պիեսներ, որոնց թվում են «Պարերգը», «Հայկական պարերի սյուիտը», «Արևելյան ֆանտազիան», «Շիրակ զմրուխտին» և «Մանկական ալբոմը», որի մեջ մտնում են հայտնի «Իրիկնային» և «Սրինգ» ստեղծագործությունները։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–1945 թվականներին) կոմպոզիտորը գրել է հայրենասիրական երկեր, սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված «Պարային սյուիտ» և իր երկրորդ մոնումենտալ գործը՝ պատմահայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան՝ ըստ Րաֆֆու համանուն վեպի։
Տիգրանյանն օպերան ավարտել է 1949 թվականին, սակայն «Դավիթ Բեկի» առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1950 թվականին՝ կոմպոզիտորի մահվանից հետո, Երևանի օպերայի և բալետի թատրոնում։
Բացի օպերաներից, Տիգրանյանը մեծածավալ երաժշտություն է գրել նաև թատրոնի համար։ Նրա հեղինակած երաժշտական ձևավորումներից են Տիգրան Հախումյանի «Խավարի ճանկերում», Արմեն Գուլակյանի «Արշալույսին», ինչպես նաև ըստ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների բեմադրված «Գիքորը» և «Մի կաթիլ մեղրը»։
Նա երաժշտություն է գրել նաև Ղազարոս Աղայանի «Անահիտ», Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» և Րաֆֆու «Սամվել» ու «Դավիթ Բեկ» պիեսների համար։
Լինելով բազմակողմանի զարգացած արվեստագետ՝ նա հայերեն է թարգմանել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» և Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերաների լիբրետոները։
Մեծանուն արվեստագետը մահացել է 1950 թվականի փետրվարի 10-ին, 70 տարեկան հասակում, Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թիֆլիսում (Թբիլիսի)։
Արմեն Տիգրանյանը թաղված է Երևանի Կենտրոնական գերեզմանատանը, որն առավել հայտնի է Թոխմախի գերեզմանոց անվամբ։
Ըստ հանգուցյալների հիշատակության «hush.am» կայքի տվյալների՝ նրա աճյունը հանգչում է Ելիզավետա Արիստակեսյանի և Վարդան Տիգրանյանի տապանաքարերի հարևանությամբ։
Երաժշտի հիշատակը վառ պահելու համար նրա անունով են կոչվել փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, իսկ Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հոյակերտ հուշարձանը։

Գյումրիում այսօր էլ գործում է կոմպոզիտորի տուն-թանգարանը, իսկ նրա ապրած տան պատին փակցված է հուշատախտակ, որը փաստում է, որ այդտեղ 1940–1950 թվականներին ապրել և ստեղծագործել է հայ մեծ կոմպոզիտորը։