Բացահայտիր Շիրակը․ «Կրիա» երկրաբանական բնության հուշարձան

Հայաստանի Հանրապետության հարուստ բնական ժառանգության մեջ իր ուրույն ու հետաքրքիր տեղն ունի «Կրիա» երկրաբանական բնության հուշարձանը, որն իրենից ներկայացնում է բնական քարե քանդակ։
Այս յուրօրինակ բնական կերտվածքն ուշագրավ է նրանով, որ դարերի ընթացքում քամիների և բնական այլ գործոնների ազդեցությամբ ստացել է կրիայի զարմանալի տեսք, ինչի շնորհիվ էլ ստացել է իր անվանումը:
Բնության այս հուշարձանը պաշտոնական պետական պահպանության տակ է գտնվում և գրանցված է Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության (նախկին Բնապահպանության նախարարություն) բնության պետական հուշարձանների ցանկում։
Այն ներառվել է հատուկ պահպանվող տարածքների ցանկում համաձայն ՀՀ Կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» որոշման։
Այս տեսարժան վայրը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում՝ Երևան-Գյումրի մայրուղու (M1) ձախ կողմում՝ Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի միջև ընկած բլրաշատ հատվածում։
Այն հեշտությամբ հասանելի է ավտոճանապարհով ճամփորդողների համար և հիանալի կանգառ է բնության սիրահարների ու զբոսաշրջիկների համար:
Կոորդինատները. 40°35′11″N 43°52′07″E
Լուսանկարը `Izi travel-ի