Բացահայտիր Շիրակը․ Գառնառիճի անառիկ ամրոցը

Գառնառիճի ամրոցը Հայաստանի վաղ շրջանի պատմական հոյակապ հուշարձաններից մեկն է, որը թվագրվում է մ.թ.ա. I հազարամյակից մինչև մ.թ. III դար։
Այս հնավայրը հայաստանյան բրոնզ-երկաթեդարյան ամրոցաշինության լավագույն ու տպավորիչ օրինակներից է։
Ամրոցն ու դրան հարակից տարածքները հստակ վկայում են բրոնզե և երկաթե դարերի ակտիվ բնակեցման մասին, իսկ տարածքի բոլոր պատմամշակութային կառույցներն այսօր գտնվում են պետության պահպանության ներքո։
Ամրոցը զբաղեցնում է շրջակա տարածքի վրա իշխող դիրք ունեցող բարձր բլրի գագաթը։
Այն կառուցված ու ամրացված է դարավանդների համակենտրոնության յուրօրինակ սկզբունքով։
Ունենալով ռազմավարական հարմար դիրք և տեսողական անմիջական կապի մեջ լինելով համաժամանակյա այլ ամրոցների հետ՝ այն յուրօրինակ օղակ է կազմել և վերահսկել Աշոցքի ողջ սարահարթը՝ հանդիսանալով տարածաշրջանի պաշտպանական համակարգի կարևորագույն հենակետերից մեկը։
Գիտնականների ենթադրությամբ՝ այն եղել է նաև տարածքի վարչատնտեսական գլխավոր նստոցը։
Համալիրն իրենից ներկայացնում է բավականին ընդարձակ կառույց։ Բացի բուն ամրոցից, այստեղ առկա են հսկայական դամբարանադաշտեր, որոնք տարածվում են գյուղի հյուսիս-արևմուտքում։
Տեղանքը հայտնի է իր հիասքանչ բնական լանդշաֆտով։ Ճանապարհորդների և հետազոտողների հարմարավետության համար գյուղում գործում է Հայաստանում եզակի՝ ծղոտե հիմքով հյուրատուն, ինչը հրաշալի հանգրվան է հնավայրն ումնասիրողների համար։
Ամրոցի հարևանությամբ գտնվող համանուն Գառնառիճ գյուղը գտնվում է Աշոցքի սարավանդում՝ Արփի լճի անմիջական հարևանությամբ, ծովի մակարդակից ավելի քան 2020 մետր բարձրության վրա։
Այն հեռու է մարզկենտրոն Գյումրիից մոտ 32–37 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Հուշարձանը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Գառնառիճ գյուղից (նախկինում՝ Կուզիքենդ) 1 կմ հյուսիս, Աղլ (կամ Աղլու) բլրի գագաթին։
Աշխարհագրական կոորդինատներն են՝ 41.0028° N, 43.6014° E ։
Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության