Բացահայտիր Շիրակը-Սուրբ Գրիգոր Լուսավորչի հրաշագործ ճգնարանը

Զաղա կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճգնարանը ժողովրդական տարածում գտած ուխտատեղի է, որի պաշտոնական անվանումն է «Անձավաջուր»։
Հայերենի բացատրական բառարանում այն ստուգաբանվում է որպես գավառական բառ, որը նշանակում է քարայր կամ քարանձավ։
Այս բացատրությունն ամբողջությամբ նկարագրում է սրբավայրի տիպական կառուցվածքը, քանի որ այն գտնվում է հենց քարայրի մեջ։
Ենթադրվում է, որ սրբավայրի ժողովրդական «Զաղա» անունն առաջացել է հենց «զաղա-քարայր» բառից։ Ուխտատեղի-սրբավայրը հայտնի է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ, քանի որ, ըստ ժողովրդի մեջ տարածված զրույցների, սուրբն այստեղ է ճգնել։

Ներքուստ ուխտավայրն ունի եռամաս կառուցվածք։ Մուտքից անմիջապես բացվում է աղոթասրահը, որից դեպի աջ գտնվում է մշտահոս ջրավազանը։
Այս ավազանից ուխտավորները ոչ միայն ջուր են խմում, այլև հիվանդները լողանում են դրանում։ Հիմնական սրահին կից կա ձախակողմյան սրահ, որը, ըստ ավանդության, սրբի նշխարներն ամփոփող սրբատեղի-գերեզմանն է, իսկ նշխարների վրա դրված է հիշատակի քար։
Այս սրահի մուտքը ներկայումս փակ է, և ուխտավորներին հազվադեպ է թույլատրվում ներս մտնել, այն էլ՝ միայն սրբավայրի պատասխանատուի ուղեկցությամբ։
Պատճառն այն է, որ սրբի գերեզմանը համարվող այդ սրահում է գտնվում գյուղին ջուր մատակարարող աղբյուրի ակունքը։
Ջրի ակունքը աղտոտումներից զերծ պահելու և բնակչության առողջությունը վնասներից պաշտպանելու նպատակով, դեռևս 1954 թվականին գյուղացիների նախաձեռնությամբ կառուցվել է քարե պատ և տեղադրվել փայտե դուռ։
Սրբավայրի ներսում ժամանակի ընթացքում ուխտավորների կողմից բերվել և հավաքվել են շուրջ երկու հարյուրի հասնող սրբապատկերներ, խաչքարեր, եկեղեցիների մանրանկարներ ու հոգևոր բնույթի գրքույկներ։

Այստեղ կան նաև ութ աշտանակներ և գանձանակ։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ սրբավայր առավելաբար ուխտի են գալիս Վարդավառին՝ ինչպես Հայաստանի տարբեր վայրերից, այնպես էլ արտերկրից։
Խորհրդային տարիներին սրբավայրի մերձակայքում Վարդավառը բավականին ճոխ է նշվել։
Սրբավայրի ջրերով բժշկված մարդիկ որոշ ժամանակ անց առողջացած կամ ուխտի զավակների հետ նորից վերադառնում են այստեղ՝ սրբի հետ իրենց ուխտը նորոգելու նպատակով։
Ասում են, որ հիվանդություն ունեցողները պետք է երեք անգամ գան, լվացվեն սրբավայրի ջրերով և խմեն դրանից, որպեսզի առողջանան։
Տեղի բնակիչները սրբավայրի մասին հետաքրքիր ավանդազրույցներ են պատմում, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ, և դեպքերից շատերին բանասացներն ականատես են եղել։
Առաջին ավանդության համաձայն՝ Տրդատ արքայի հալածանքներից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչն այստեղ է պատսպարվել։ Ոմանք էլ ասում են, թե սուրբն այստեղ է եկել Տրդատ արքային բժշկելուց հետո։
Նրա մահից հետո մասունքները ամփոփվել են տարբեր վայրերում, իսկ ձեռքն ամփոփվել է հենց այս վայրում։
Երկրորդ ավանդության համաձայն՝ երբ Սրբին հանել են Խոր Վիրապից, նա եկել է այստեղ ճգնելու։ Տեսնելով, որ ջուր չկա, սուրբն Աստծուն խնդրել է՝ ասելով. «Աստվա՛ծ ջան, թեկուզ մի կաթ, արցունքի չափ ջուր տաս»։ Սրբի խնդրանքով այդտեղից սկսել է ջուր բխել։
Երրորդ ավանդության համաձայն՝ Լուսավորչի զորությամբ սրբավայրի ջուրն ունի բուժիչ հատկություն։ Այն հատկապես օգտակար է մաշկային հիվանդություններ՝ ալերգիա կամ քոս ունեցողների համար։
Զաղայի բուժիչ ջրերի օգնությանն են դիմում նաև այլ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև անզավակ կանայք։ Հավատում են, որ սրբին ի սրտե ուղղված խնդրանքը միշտ կատարվում է։
Սրբավայրը գտնվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի հյուսիսային ծայրին՝ ժայռի մեջ:
Աշխարհագրական կոորդինատներն են՝ 40.5284° N, 43.9169° E