Բացահայտիր Շիրակը-Հառիճավանք. Շիրակի մարզի հոգևոր ու ճարտարապետական գոհարը

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Հառիճավանք. Շիրակի մարզի հոգևոր ու ճարտարապետական գոհարը

Հառիճավանքը հայկական միջնադարյան ճարտարապետության ամենատպավորիչ և լավ պահպանված հուշարձանախմբերից է, որը դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթական ու մշակութային խոշոր կենտրոն:

Այն գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղի հարավարևելյան մասում՝ Արագած լեռան արևմտյան լանջին, բնականորեն ամրացված հրվանդանի վրա:

Համալիրի աշխարհագրական դիրքը բացառիկ է. այն եզերվում է խոր ձորերով, որոնց միջով հոսում են Հառիճ և Տիրինկատար գետակները` ստեղծելով մարդու և բնության ներդաշնակության մի անկրկնելի տեսարան:

​Հառիճավանքի պատմությունը սկսվում է վաղ միջնադարից. համալիրի ամենահին կառույցը 7-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որն իրենից ներկայացնում է կենտրոնագմբեթ, խաչաձև հատակագծով շինություն:

Սակայն վանքի իսկական ծաղկումը կապված է 13-րդ դարի սկզբին, երբ Զաքարյան իշխանները՝ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը, 1201 թվականին հիմնադրեցին գլխավոր տաճարը՝ Սուրբ Աստվածածինը:

Այս եկեղեցին հայկական ճարտարապետության գոհարներից է՝ իր վեհաշուք գմբեթով, նուրբ քանդակազարդերով և բազմագույն քարերի օգտագործմամբ, ինչը պատերին հաղորդում է անսովոր գեղեցկություն ու դեկորատիվ հարստություն:

Տաճարին կից գործում են 13-րդ դարի երկհարկանի աղոթարաններ, որոնք առանձնանում են իրենց կառուցվածքային կատարելությամբ:

​Վանքի պատմությունը սերտորեն հյուսված է ժողովրդական ավանդույթներին:

Ամենահայտնի լեգենդը կապված է ձորի եզրին գտնվող փոքրիկ, թեքված մատուռի հետ: Ըստ ավանդության՝ սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ մի հայ օրիորդ, փորձելով փրկվել գերեվարումից, թաքնվել է այս մատուռում:

Երբ թշնամին փորձել է մտնել ներս, տեղի է ունեցել հրաշք. ժայռը ճեղքվել է, և մատուռն առանձնացել է հիմնական հրվանդանից՝ օրիորդին փրկելով աղետից:

Այսօր այդ մատուռը, որը կարծես կախված լինի երկնքի և երկրի միջև, համարվում է անսասան հավատի և տոկունության խորհրդանիշ:

​Բացի հոգևոր նշանակությունից, Հառիճավանքը հռչակված է եղել որպես գիտության դարբնոց:

19-րդ դարի վերջում այստեղ գործել է հայտնի դպրոց, որտեղ 1887-1889 թվականներին իր նախնական կրթությունն է ստացել հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը:

Վանքի տարածքում պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր, տապանաքարեր և օժանդակ շինություններ, որոնք ամբողջացնում են միջնադարյան հայկական վանական կյանքի պատկերը:

Այսօր այն Հայ Առաքելական Եկեղեցու գործող վանքերից մեկն է և ներառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ ներկայանալով որպես հայ ժողովրդի հոգևոր վերածննդի և մշակութային հզորության կենդանի վկա:

Կոորդինատները. 40.605556°N,43.999444°E