Բացահայտիր Շիրակը. Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցու գաղտնիքներն ու պատմությունը
· Գյումրի

Գյումրիում գտնվող եկեղեցու պաշտոնական անունն է Սուրբ Աստվածածին, սակայն այն տեղացիների մոտ առավել հայտնի է որպես «Յոթ Վերք»։
Այս անվանումը տրվել է ի պատիվ Մարիամ Աստվածածնի սրբապատկերի, որն այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։
Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Այն Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին բերվել է վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։
1832 թվականին, նկատի ունենալով Մարմաշենի վանքի սահմանամերձ դիրքը, որոշվել էր պատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելուն պես տեղացիները թույլ չեն տվել այն տանել, և սրբապատկերը մնացել է քաղաքում։
Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով, որոնք խորհրդանշում են Հիսուսի տաճարին հանձնելը, Եգիպտոս փախչելը, տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը, խաչը տանելը, Հիսուսի մահը խաչին, Հիսուսի մարմինն ստանալը և Հիսուսին գերեզման դնելը։
Նախկինում եկեղեցու տեղում եղել է Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռ, որտեղ սկզբնական շրջանում պահվել է վերոնշյալ նկարը։
Այնուհետև նկարը տեղափոխվել է Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը նույնպես եղել է Յոթ Վերք։
Ներկայիս եկեղեցին կառուցված է սև քարից և ակտիվորեն գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին գրեթե բոլոր եկեղեցիները՝ բացի երկուսից (երկրորդը Էջմիածնի Մայր Տաճարն էր)։
Այդ ժամանակահատվածում Յոթ Վերք եկեղեցում միաժամանակ գործել են երեք տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական (որի խորանում գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով) և ռուս ուղղափառ։
Եկեղեցին կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։
1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել, սակայն երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել ու ընկել են ներքև։
Այդ գմբեթներն այժմ դրված են եկեղեցու բակում։ Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է. դիմացի փլուզված բնակելի շենքը վերացվել է, ինչի շնորհիվ տաճարը տեսանելի է դարձել հրապարակից, և Գյումրվա երկու հայտնի եկեղեցիները՝ Յոթ Վերքն ու Սուրբ Ամենափրկիչը, այժմ նայում են միմյանց։
Ճարտարապետական հատակագծով Յոթ Վերք եկեղեցին ասիմետրիկ է, սակայն հետաքրքիր լուծումների շնորհիվ արտաքուստ սիմետրիկ տեսք ունի։
Այն արտաքինից ուղղանկյունաձև է, իսկ ներսից՝ խաչաձև գմբեթավոր շինություն։
Եկեղեցին ունի արևմտյան մուտքի դիմաց գտնվող զանգակատուն, հյուսիսային և արևմտյան պատերին կից երեք աղոթասրահ, ինչպես նաև մեկ գլխավոր և երեք լրացուցիչ ավելի փոքր գմբեթներ։
Եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ և հարուստ որմնանկարներով։
Ի տարբերություն հայկական այլ եկեղեցիների, որոնց խորանները զուրկ են որևէ ավելորդ զարդարանքից, այստեղ պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող պատկերներով։
Գմբեթի տակ՝ 12 մետր բարձրության վրա, պատկերված են 4 զարդանկարներ։
Աջ պատին Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիան է, իսկ ձախ պատին՝ Հարության տեսարանը (XVII դար)։
Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է անվանի նկարիչ Վարդգես Սուրենյանցը։
Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
Կոորդինատները՝ 40°47′10″N 43°50′32″E