Բացահայտիր Շիրակը-«Արփի լիճ» ազգային պարկ. Հայաստանի հյուսիսային հրաշքը

«Արփի լիճ» ազգային պարկը Հայաստանի հյուսիսարևմտյան դարպասն է՝ ներկայացնելով Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների բացառիկ բնաշխարհը։

Այն հիմնադրվել է 2009 թվականին և ընդգրկում է շուրջ 25,000 հեկտար տարածք՝ պահպանելով Ջավախք-Շիրակ բարձրավանդակի էկոհամակարգը։
Այս տարածքը հայտնի է իր խիստ կլիմայով. հենց այստեղ՝ լճի ափին գտնվող Պաղակն բնակավայրում է գրանցվել Հայաստանի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -46°C, ինչի պատճառով էլ շրջանը հաճախ անվանում են «Հայկական Սիբիր»։

Ձմռանը լիճն ամբողջությամբ պատվում է հաստ սառցաշերտով, իսկ ամռանը նույնիսկ ամենաշոգ օրերին այստեղ տիրում է հաճելի զովություն։
Լիճը, որը ծովի մակարդակից գտնվում է 2023 մետր բարձրության վրա, Հայաստանի մեծությամբ երկրորդն է։
1951 թվականին կատարված արհեստական մեծացման արդյունքում այն դարձել է կարևոր ջրամբար, որից սկիզբ է առնում Ախուրյան գետը։
Լճի միջին խորությունը կազմում է 1.6 մետր։ Էկոլոգիական տեսանկյունից տարածքն անփոխարինելի է. այստեղ է բնակվում հայկական որորի աշխարհի ամենամեծ գաղութը և գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրը Հայաստանում։

Կենդանական աշխարհը հարուստ է նաև հազվագյուտ կաթնասուններով, ինչպիսիք են եվրոպական ջրասամույրը և խայտաքիսը, իսկ սողուններից միայն այստեղ կարելի է հանդիպել Դարևսկու իժին։
Բուսական աշխարհն ընդգրկում է մոտ 670 տեսակ, որոնցից 25-ը գրանցված են Կարմիր գրքում, այդ թվում՝ էնդեմիկ թրաշուշանները, հիրիկները և վայրի կակաչները, որոնք հունիս-հուլիս ամիսներին ալպիական մարգագետինները ներկում են վառ գույներով։
Զբոսաշրջության սիրահարների համար գործում են էկոտուրիստական երթուղիներ, որոնք սկսվում են պարկի գլխավոր մուտքից և անցնում եղևնիների անտառներով ու դեպի Արփի լեռան (2200 մ) բարձունքները։
Ազգային պարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից մոտ 45-50 կմ հյուսիս-արևմուտք։
Արփի լճի կենտրոնական հատվածի կոորդինատներն են՝ 41°03'16"N 43°38'35"E։