«Արտաքին պարտքի ընդամենը 1%-ն ուղղելով Գյումրի՝ բնակարանաշինության հարցը վերջնականապես կլուծվեր». Ավետիս Առաքելյան
· Գյումրի

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են.
Վարդան Ղուկասյանի գլխավորած քաղաքական թիմի կառավարման մեկ տարին ամփոփող ելույթում Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանն անդրադարձավ քաղաքի ամենացավոտ խնդրին՝ բնակարանաշինությանը և բնակֆոնդի արդիականացմանը:
Ըստ նրա` շուրջ 13 տարի քաղաքում բնակարանաշինական որևէ լուրջ ծրագիր չի իրականացվել, ինչի հետևանքով Գյումրին այսօր կանգնած է բնակֆոնդի լուրջ ճգնաժամի առաջ:
Ներկայացնելով բնակարանաշինական ծրագրերը՝ Առաքելյանը ուշագրավ համեմատական անցկացրեց երկրի արտաքին պարտքի և Գյումրու կարիքների միջև.
«Վերջին 8 տարում Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 8 միլիարդ դոլարով: Այդ գումարի ընդամենը 1 տոկոսը կազմում է 80 միլիոն դոլար: Եթե այդ պարտքի ընդամենը մեկ տոկոսն ուղղվեր Գյումրու բնակարանաշինությանը, ապա քաղաքի բնակարանային խնդիրն այսօր ամբողջությամբ լուծված կլիներ»,- նշեց Ավետիս Առաքելյանը:
Նրա խոսքով՝ քաղաքը չի կարող զարգանալ, քանի դեռ լուծված չէ բնակչությանը արժանապատիվ կացարանով ապահովելու հարցը: