Բացահայտիր Շիրակը-Թռչկանի ջրվեժ. Հայաստանի բնական հրաշալիքը

Թռչկան ջրվեժը համարվում է Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկը, որը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանագծին՝ Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա:
Այս բնական հուշարձանը տեղակայված է Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, որը հայտնի է որպես 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն:
Այն Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձրն ու ամենաջրառատն է՝ ունենալով 23,5 մետր բարձրություն և վայրկյանում մոտ 1,5 տոննա ջրի միջին ծախս:
Ջրվեժի անվան հետ կապված է մի գեղեցիկ ավանդություն, որն ունի իրական բնագիտական հիմք. Չիչկան գետը հարուստ է կարմրախայտ ձկներով, որոնք ձվադրման շրջանում, հոսանքն ի վեր լողալիս, ստիպված են լինում ցատկել ջրից՝ հաղթահարելու ջրվեժի անհաղթահարելի թվացող բարձրությունը:
Տեսնելով, թե ինչպես են ձկները «թռչում» ջրի վրայով՝ մարդիկ ջրվեժն անվանել են Թռչկան:
Տեղացիները ջրվեժն անվանում են նաև Չռան կամ Չիչկանի ջուր:
Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2250 մետր բարձրությունից և հոսում Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով:
Գետի սնումը հիմնականում հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, ինչի պատճառով վարարումները տեղի են ունենում մարտից հունիս ամիսներին՝ ապահովելով տարեկան հոսքի 62%-ը:
Իր վերին հոսանքում գետն ունի հարթավայրային բնույթ, սակայն միջին հոսանքում այն մտնում է խորը և նեղ կիրճի մեջ՝ առաջացնելով այս հզոր բնական գոյացությունը:

2008 թվականին Թռչկանն ընդգրկվել է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում, իսկ 2011 թվականից տարածքը սահմանվել է որպես հատուկ պահպանվող գոտի:
Այդ նույն տարում ջրվեժը դարձավ նաև քաղաքացիական պայքարի և հաղթանակի խորհրդանիշ. բնապահպանների ակտիվ ջանքերով կասեցվեց ջրվեժից վերև փոքր ՀԷԿ-ի կառուցումը, ինչը կարող էր ընդմիշտ ցամաքեցնել այս հրաշալիքը:
Թռչկանը ոչ միայն բնական արժեք է, այլև հայկական բնաշխարհի անխաթար ուժի և կենսասիրության յուրօրինակ մարմնավորում:
Թռչկան ջրվեժն այցելելու համար տարվա յուրաքանչյուր եղանակ ունի իր առանձնահատկություններն ու հմայքը, սակայն լավագույն ժամանակը համարվում է գարունը և ամռան սկիզբը, քանի որ Ձնհալի և անձրևների շնորհիվ Չիչկան գետը վարարում է, և ջրվեժը ներկայանում է իր ողջ շքեղությամբ։
Ջրվեժի ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներն են` 40°54′57″N 44°6′57″E