Ֆորսմաժորային իրավիճակ Գյումրիում. Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Ֆորսմաժորային իրավիճակ Գյումրիում. Գյումրու քաղաքապետարան

Գյումրու քաղաքապետարանից հայտնում են.

Ֆորսմաժորային իրավիճակ Գյումրիում. ուժեղ անձրևն ու կարկուտը կաթվածահար են արել երթևեկությունը, քաղաքապետարանն աշխատել է ամբողջ գիշեր արտակարգ ռեժիմով

Երեկ գիշեր Գյումրիում տեղացած անոմալ ուժեղ անձրևների և կարկտի հետևանքով քաղաքում ստեղծվել է իսկական ֆորսմաժորային իրավիճակ։

Ինտենսիվ տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար:

Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։

Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ և ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար էր եղել և դարձել անանցանելի։

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանը հայտնեց, որ տեղումների ծավալն աննախադեպ էր։

«Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1,5 մետրի։

Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակությունն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը»,- նշեց Չադրյանը։

Աղետի հետևանքները վերացնելու նպատակով Գյումրու քաղաքապետարանն ամբողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով։ Գործի է դրվել համապատասխան ամբողջ տեխնիկան։

Բնակկոմունալ բաժնի և կոմունալ ծառայության աշխատակիցները գիշերվա ընթացքում փորձել են հեռացնել հաստ սառցաշերտը, մաքրել ճանապարհն ու բացել հաղորդակցությունը մեքենաների համար։