Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն

· Գյումրի

Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն

Խորապես վրդովված ենք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրություններից։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

«Այս սրբապիղծ գործողությունը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։

Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և Մեծ հաղթանակի հանդեպ անարգանքի փորձի մասին է։

Տեսնում ենք կատարվածի կտրուկ մերժումը Գյումրիի քաղաքային իշխանությունների և հանրության կողմից։

Ակնկալում ենք կատարվածի հստակ գնահատականը Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից, ինչպես նաև սպառիչ միջոցների ձեռնարկում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների  ոսկեգույն տառերը։