Բացահայտիր Շիրակը- Կաքավասարի խորհրդավոր Թուխ Մանուկ մատուռը

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող Կաքավասար գյուղը հարուստ է պատմամշակութային և հնագիտական արժեքավոր հուշարձաններով։
Գյուղի տարածքում և շրջակայքում պահպանվել են տարբեր դարաշրջանների կառույցներ, այդ թվում՝ եկեղեցի, հին գերեզմանոց, մատուռ, ինչպես նաև հնագույն բնակատեղիներ։
Գյուղում է գտնվում Կարմրավոր եկեղեցին, որն այժմ խոնարհված վիճակում է։ Այս եկեղեցու դիմաց՝ բարձր բլրի վրա, վեր է խոյանում միջնադարում կառուցված Թուխ Մանուկ մատուռը։
Ըստ ժողովրդական վարկածի՝ Թուխ Մանուկները համարվում են երիտասարդ, կտրիճ և հրաշագործ հերոս մանուկներ։
Մատուռը պարզ, քարաշեն կառույց է՝ ծածկված ալիքավոր թիթեղներով (շիֆերով), որի մուտքի և պատուհանների մոտ գծված են խաչեր, իսկ տանիքին տեղադրված է մետաղական խաչ։
Մատուռի շուրջ տարածվում է հին գերեզմանոցը՝ տապանաքարերով և խաչքարերով։
Մատուռի ներսում կա մի գերեզման, որտեղ, ըստ տեղացիների վկայության, ամփոփված է Սրբի մասունք, ինչպես նաև քահանայի ձեռաց խաչ, որը դարեր շարունակ համարվել է կաքավասարցիների պահապանը։
Մատուռի սրբատեղիում խնամքով պահվում են մկրտության ավազան, փոքր չափերի խաչքարեր, ասեղնագործ սրբապատկերներ ու թաշկինակներ։
Գերեզմանի վրա կա հատուկ հատված, որտեղ ուխտավորները, դեպի Աստված իրենց նվիրական խնդրանքն ու պահած մաղթանքն իրականացնելու հույսով, ամրացնում են քարեր և խաչեր։
Թուխ Մանուկի ուխտի օրը ավանդաբար համարվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառը)։ Այդ օրը Շիրակի դաշտավայրի տարբեր ծայրերից բազմաթիվ ուխտավորներ են այցելում մատուռ և մեծ շուքով, խանդավառությամբ, երգով ու պարով նշում տոնը։
Տեղացիները պատմում են նաև մատուռի հետ կապված հրաշագործությունների մասին. ըստ ավանդության՝ մի ուխտավոր հենակներով (ձեռնափայտերով) հազիվ է մտել Թուխ Մանուկ մատուռ, սակայն ներսում աղոթելուց հետո, բժշկված ու առանց ձեռնափայտերի է դուրս եկել այնտեղից՝ այդ ամենը նախապես տեսնելով իր երազում։
Այսօր էլ մարդիկ շարունակում են հավատքով այցելել այս սրբատեղի՝ բերելով սրբապատկերներ ու ասեղնագործ իրեր, աղոթելով ամենազոր Թուխ Մանուկին և իրենց խնդրանքը բարձրացնելով առ Աստված։
Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, Կաքավասար գյուղ
Կոորդինատները՝ 41.0116, 43.9175
Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության