Այսօր աշխարհի 43-ակի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է
· Գյումրի

Այսօր՝ հունիսի 13-ին, լրանում է համաշխարհային ծանրամարտի պատմության ամենապայծառ ու անգերազանցելի անուններից մեկի՝ օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի ծննդյան օրը։
Ծնվելով 1956 թվականին մարզական հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրիում (այն ժամանակ՝ Լենինական)՝ նա դեռ երիտասարդ տարիքից ապացուցեց, որ ծանրահարթակը ոչ միայն ֆիզիկական ուժի, այլև կատարյալ տեխնիկայի ու կամքի դրսևորման վայր է։
Թեև լեգենդար մարզիկը կյանքից հեռացավ 2018 թվականին, նրա թողած մարզական ժառանգությունը շարունակում է մնալ հայկական սպորտի վեհության գլխավոր խորհրդանիշներից մեկը։
Յուրի Վարդանյանի մարզական կարիերայի գագաթնակետը դարձավ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերը, որտեղ նրա ելույթը պարզապես ցնցեց մարզական աշխարհը։
Հանդես գալով մինչև 82.5 կգ քաշային կարգում՝ նա մեկ երեկոյի ընթացքում սահմանեց աշխարհի 5 ռեկորդ և դարձավ պատմության մեջ առաջին միջին քաշային ծանրորդը, ում հաջողվեց երկամարտի արդյունքով հաղթահարեց ֆենոմենալ՝ 400 կգ-ի սահմանագիծը։
Նրա այս արդյունքն այնքան բացառիկ էր, որ նույն Օլիմպիադայում իրենից շատ ավելի ծանր քաշային կարգերի (90 կգ և 110 կգ) չեմպիոնները հաղթեցին ավելի քիչ կամ նույնքան կշռող ծանրություն բարձրացնելով։
Այդ պատմական հաղթանակը միակը չէր նրա հարուստ կենսագրության մեջ։
Իր փայլուն կարիերայի ընթացքում Վարդանյանը դարձավ աշխարհի 7-ակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն՝ ընդհանուր առմամբ սահմանելով աշխարհի 43 ռեկորդ։
Նրա յուրաքանչյուր մոտեցումը ծանրաձողին առանձնանում էր բացառիկ թեթևությամբ, արտիստիզմով և տեխնիկական անթերի կատարմամբ, ինչի շնորհիվ նա միլիոնավոր երկրպագուների սերն ու հարգանքը վաստակեց աշխարհի տարբեր անկյուններում։
Յուրի Վարդանյանը հայկական ծանրամարտի այն հզոր հիմնասյունն է, ում անունը ոսկե տառերով է գրված համաշխարհային սպորտի փառքի սրահում։
Նրա անցած ուղին, նվիրումն ու անկոտրում ոգին այսօր էլ ոգեշնչման աղբյուր են հայ նորօրյա մարզիկների համար, ովքեր միջազգային հարթակներում բարձր են պահում հայկական դրոշը՝ քայլելով մեծանուն չեմպիոնի թողած փառահեղ հետքերով։