Բացահայտիր Շիրակը-Պեմզաշենի վաղմիջնադարյան եզակի եկեղեցական համալիրը

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Պեմզաշենի վաղմիջնադարյան եզակի եկեղեցական համալիրը

Հայաստանի պատմական հարստությունների շարքում իր ուրույն ու բացառիկ տեղն է զբաղեցնում Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի կենտրոնում գտնվող վաղմիջնադարյան եկեղեցական համալիրը։

Այս ուշագրավ հուշարձանախումբը հայկական ճարտարապետության պահպանված եզակի նմուշներից է և թվագրվում է IV-VII դարերով։

Համալիրն իր հորինվածքային առանձնահատկություններով հանդիսանում է տարածաշրջանի հնագույն կառույցներից մեկը և բաղկացած է իրար կից կառուցված երեք տարբեր վաղ միջնադարյան եկեղեցիներից։

​Հուշարձանախմբի կենտրոնական կառույցը VI դարում կառուցված եռախորան եկեղեցին է։ Այն ներքուստ ունի խաչաձև, կենտրոնագմբեթ հորինվածք, իսկ արտաքուստ ներառված է ուղղանկյուն ծավալի մեջ։

Սա հայկական ճարտարապետության մեջ հանդիպող այն եզակի քառաթև, գմբեթավոր փոքր կառույցներից է, որի ողջ հորինվածքը արտաքինից պարփակված է ուղղանկյան մեջ։

Եկեղեցին կառուցված է սրբատաշ, մեծադիր, դարչնագույն տուֆի արևերով, իսկ քարերի վրա հստակ նկատվում են վարպետների նշանագրերը։ Տաճարի դեկորատիվ հարդարանքը լիովին բնորոշ է VI-VII դարերի հայկական ճարտարապետական ոճին։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի եկեղեցու մուտքի քանդակազարդ բարավորը, որի վրա պատկերված է Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին, նրանց առջև կանգնած է բազկատարած մեկենասը (մեկցենատը), իսկ վերևի հատվածում վեր խոյացող հրեշտակների պատկերաքանդակներն են։

​Այս եռախորան եկեղեցուն հյուսիսային կողմից կից է V դարի միանավ մեծ բազիլիկը կամ սրահավոր եկեղեցին, որը հանդիսանում է ողջ հուշարձանախմբի հնագույն կառույցը։ Այս բազիլիկը հայտնաբերվել է 1970-ական թվականներին իրականացված հնագիտական պեղումների ընթացքում։

Այն ներքուստ ունի պայտաձև խորան, արտաքուստ՝ հնգանիստ, իսկ հատակագծով ուղղանկյուն սրահ է։ Շինությունը կառուցվել է սրբատաշ տուֆի խոշոր քարերով։ Ներկայումս կառույցից պահպանվել են պատերի ստորին շարքերը և բազմաստիճան որմնախարիսխը։

​Կենտրոնական եռախորան եկեղեցուն հարավային կողմից կից է ևս մեկ կառույց՝ VI դարի միանավ, թաղածածկ փոքր եկեղեցին։ Այս տաճարի խորանը նույնպես ներառված է ուղղանկյուն հատակագծի մեջ, իսկ նրա միակ մուտքը նույնպես աչքի է ընկնում գեղեցիկ ու նրբակերտ քանդակազարդմամբ։

​Պեմզաշենի այս հոյակերտ ու պատմական մեծ արժեք ներկայացնող եկեղեցական համալիրում ժամանակի ընթացքում իրականացվել են պահպանման աշխատանքներ։ Մասնավորապես, 1975-1976 թվականներին իրականացվել են հուշարձանախմբի վերանորոգման և տարածքի մաքրման ծավալուն աշխատանքներ, որոնք թույլ տվեցին պահպանել ու այցելուներին ներկայանալի դարձնել այս հնագույն սրբավայրի մնացորդները։

Մոտակայքում է գտնվում նաև 5-րդ դարի մեկ այլ հայկական բազիլիկայի տիպին պատկանող եկեղեցու ավերակները։

​Հուշարձանի տեղակայումը և աշխարհագրական կոորդինատները․

Եկեղեցական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի կենտրոնական մասում։

Աշխարհագրական կոորդինատներն են՝ 40°35′35.9″N, 43°56′24.0″E (40.593300, 43.940000)։

Լուսանկարը `Hushardzan. am-ի