Գյումրիում ապամոնտաժվել է համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ պարիսպը. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

Գյումրի քաղաքի Այգաբաց 4-րդ շարք, թիվ 7/3 հասցեում իրականացվել են ինքնակամ կառույցի ապամոնտաժման աշխատանքներ։
Համայնքային հողատարածքի վրա կառուցված քարե պարիսպը երկար տարիներ խոչընդոտում էր հարևանությամբ գտնվող սեփական բնակելի տան բնակիչների ազատ անցուդարձը։
Ինչպես հայտնում է Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Վարդանյանը, քանի որ օրինախախտ անձը սեփական միջոցներով չի քանդել ինքնակամ շինությունը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գրությամբ դիմել է համայնքապետարանին։ Ի պատասխան՝ համայնքը ձեռնարկել է գործուն միջոցներ և սեփական բյուջեի հաշվին իրականացրել ապամոնտաժումը։
«Տվյալ գործը դեռևս 2012 թվականից քննվել է ՀՀ վարչական դատարանում, իսկ 2018 թվականից գտնվում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։ Պարիսպը կառուցված է եղել համայնքային հողի վրա, այսինքն՝ տեղի էր ունեցել համայնքային հողամասի զավթում։
Մենք մեր միջոցների հաշվին ձեռնարկել ենք գործուն քայլեր և ապամոնտաժել հիշյալ հասցեի ինքնակամ կառույցը»,- նշել է Հրաչ Վարդանյանը։
Ապամոնտաժման աշխատանքներին ներգրավված են եղել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ։ Համայնքի կոմունալ ծառայությունը տրամադրել է անհրաժեշտ տեխնիկան, իսկ գործընթացին տեղում հետևել և մասնակցել են իրավաբանական, ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժինների աշխատակիցները, հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Կումայրի» բաժնի ծառայողը։
Բոլոր կառույցների համատեղ մասնակցությամբ ապօրինի շինության հեռացման և տարածքի ազատման աշխատանքներն հաջողությամբ ավարտվել են։
Տեսանյութը՝ ստորև։