Բացահայտիր Շիրակը-Կառնուտի հնագույն գաղտնիքներն ու «Սբ․ Մինաս» հնավայրը

Շիրակի մարզի Կառնուտ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որը Ղևոնդ Ալիշանի վկայությամբ կոչվել է նաև «Տիրեկլեր» (Գառնուտ, Դիրաքլար):
Այն գրավոր արձանագրություններում հիշատակվում է դեռևս IV-V դարերից:
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1585 մետր բարձրության վրա։
Այս պատմական բնակավայրն աչքի է ընկնում հարուստ հնագիտական ու մշակութային շերտերով:
Գյուղի հյուսիսային մասում՝ Սբ. Մինաս լեռան արևմտյան և հարավային լանջերին ու ստորոտին, պահպանվել է մ.թ.ա. III-I հազարամյակի բնակատեղի, որի շրջակայքում առկա է նույն ժամանակաշրջանի (մ.թ.ա. III-I հազարամյակներ) դամբարանադաշտ:
Այն առաջին անգամ պեղվել է 1983-1984 թվականներին: Բացի այդ, գյուղի տարածքում առկա է մեկ այլ՝ մ.թ.ա. IV – մ.թ. III դարերի դամբարանադաշտ:
Կառնուտի հյուսիսային բարձունքի վրա պահպանվել են նաև հնագույն ամրոցի բերդապարիսպների մնացորդներ, որոնք շարված են անմշակ, խոշոր քարերով՝ առանց շաղախի:
Կառնուտի շրջակայքում կան նաև այլ չպեղված կուրգաններ, իսկ 2007 թվականին գյուղի հյուսիսային մասում գտնվող տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է V-VII դարերի գերեզմանոց:

Գյուղի տարածքի հնագիտական մեծագույն արժեքներից մեկը հանդիսանում է հյուսիս-արևելյան մասում գտնվող բլրալանջի հին եկեղեցին:
Այն հայկական միանավ բազիլիկներից է՝ քարե սալիկներով հատակով և դռների վերին մասում 0,7 մետր բարձրությամբ ամբողջական քարերով:
Մեծանուն ճարտարապետ Թորոս Թորամանյանի կարծիքով՝ այս կառույցը գոյություն է ունեցել նախքան IV դարը և ի սկզբանե եղել է հեթանոսական տաճար, որը V դարում վերածվել է եկեղեցու, իսկ X դարում՝ կրկին նորոգվել: Դրանից հետո այն լքվել է, իսկ ավելի ուշ՝ նորեկ բնակիչների կողմից նորոգվելով վերածվել գյուղական եկեղեցու:
Եկեղեցու արևելյան մասում գտնվում է բազալտե հիմքի վրա կառուցված կիսակլոր բեմի խորանը: Ժամանակի ընթացքում կառույցը ենթարկվել է մի շարք վերափոխումների. հարավ-արևելյան կողմում ավելացվել է մեկ սենյակ, արևելյան կողմում՝ մեկ կիսաբոլորակ բացօթյա խորան, և բացվել են պատուհաններ (երկուսը՝ հարավային, մեկը՝ արևելյան կողմում):
Իր նախնական վիճակում շենքի ստորին մասերը կրկնել են չորրորդ դարի կամ ավելի վաղ շրջանի հեթանոսական մեհյանի ձևերը: Թեք տեղանքի վրա կառուցված լինելու պատճառով եկեղեցու աստիճանավոր հիմնապատվանդանն արևելյան և հարավային կողմերից ունի երկու, իսկ արևմտյան կողմից՝ յոթ աստիճան:
Եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է X-XI դարերում, իսկ XIX դարում իրականացվել է դրա բարեկարգման խիստ անհրաժեշտ վերանորոգում:
Այնուհետև եկեղեցին քանդվել է 1937 թվականին և վերականգնվել 1965 թվականին Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից՝ սև ու կարմիր սրբատաշ տուֆով:
Հայտնի հնագետ Էմմա Խանզադյանը նշում է, որ 1938 թվականի գարնանը Հուշարձանների պահպանության կոմիտեի ներկայացուցիչների կողմից Կառնուտում հայտնաբերված բնակատեղին մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Այնտեղ գտնվել է սև փայլեցրած զարդարուն խեցեղեն, ինչպես նաև հեթանոսական շրջանի այլ իրեր, որոնցից հատկապես աչքի է ընկնում բրոնզաձույլ փոքր եզը։
Բացի այդ, գյուղի հյուսիս-արևելյան հատվածում՝ վաղ միջնադարից հայտնի գյուղատեղիում, VII-VIII դարերում կառուցվել է «Սբ. Մինաս» ջրամբարը: Բլրի վրա մինչ օրս պահպանվել են այս վաղ միջնադարյան հիդրոտեխնիկական կառույցի խողովակների թանկարժեք մնացորդները։
Տեղակայումը և Կոորդինատները՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Կառնուտ գյուղ, Սբ. Մինաս լեռան և բլրի տարածք (40.7936° N, 43.9311° E):
Լուսանկարները `Hushardzan. am - ի