Բացահայտիր Շիրակը - Հոռոմի ամրոց․ Շիրակի հնագույն գանձն ու ուրարտական դարաշրջանի վկան

Հոռոմի ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. IX դարում՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ Այն այլ կերպ անվանվում է նաև Ուրարտական ցիտադել։
Ամրոցը, որը գրավում է 4 կմ² ընդհանուր տարածք, ունի պաշտպանական հզոր պարսիպ, որից պահպանվել են տուֆե խոշոր քարերով կառուցված՝ կիկլոպյան շարվածքով հատվածներ։
Ամրոցի հարավ-արևմտյան մասում գտնվում է պարսպապատ միջնաբերդը, կողքին՝ մշակված սալահատակ հսկայական շինություն, շուրջը՝ քարարկղային դամբարաններ։

Բարձունքների և լանջերի վրա պահպանվել են ուղղանկյուն կամ օվալաձև հատակագծով, տուֆաքարերով շարված բնակարանների հետքեր։
1908 թվականին Բ. Խալաթյանցը պեղումներ կատարեց ամրոցի միջնաբերդում, ուր հայտնաբերվեցին բազմաթիվ դամբարաններ։
Քարարկղային դամբարանների նյութերը (նիզակների երկաթե ծայրեր, դանակներ, դաշույն, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ և այլն) վերաբերում են հիմնականում երկաթի դարին, առավելապես՝ մ.թ.ա. 9-8 դարերին։ 1914 թվականին ամրոցը ճարտարապետական տեսանկյունից հետազոտել է Թ. Թորամանյանը, ում հետազոտական աշխատանքներից է նաև Երերույքի տաճարը։
1930-ական թթ. ամրոցում հնագիտական հետազոտություններ են կատարել Բ. Պիոտրովսկին, Ա. Աջյանն ու Լ. Գյուզալյանը (թվագրվել են մ.թ.ա. 13-10 դդ.)։ 1967-ին Ս. Խաչատրյանի կողմից հայտնաբերվել են մեծ մասամբ մ.թ.ա. 3-1 հազարամյակների աննախադեպ խեցեղեն, բազալտից, տուֆից և օբսիդիանից աշխատանքային գործիքներ և այլ իրեր։
Ամրոցը գտնվում է Շիրակի մարզում` Հոռոմ գյուղից հարավ-արևելք, բլուրների վրա
Կոորդինատներ. 40.6416, 43.8833