Բացահայտիր Շիրակը- Սարդոստայնային արվեստի պատկերասրահ
· Գյումրի

Գյումրիի սրտում գործում է մի բացառիկ մշակութային օջախ, որն իր տեսակի մեջ միակն է ողջ աշխարհում՝ «Սարդոստայնային արվեստի պատկերասրահը» (Museum and Cobweb Art Gallery)։
Այս յուրօրինակ ցուցասրահը հիմնադրվել է 2015 թվականի հունիսի 7-ին նկարիչ Անդրանիկ Ավետիսյանի կողմից, ով հանրությանն է ներկայացնում սարդոստայնային նկարչության իր ինքնատիպ աշխատանքները։
Այն աշխարհում միակ վայրն է, որտեղ այցելուները կարող են տեսնել բնական սարդոստայնով և յուղաներկերով կատարված արվեստի գործեր, ինչը իսկական նորություն է համաշխարհային արվեստի պատմության մեջ։
Պատկերասրահում ցուցադրված ստեղծագործությունների հիմնական թեմաներն են տիեզերքը, տիեզերական էներգիան, կյանքը, մարդկային հարաբերությունները և արվեստը։
Հեղինակն իր կտավներին տվել է այնպիսի խորհրդանշական անվանումներ, ինչպիսիք են՝ «Տիեզերական էներգիա», «Նեյրոնային ցանցը հայելու մեջ նայում է ինքն իրեն», «Կյանքը նեյրոնային ցանցի սարդոստայնում», «Համացանց» և «Մարդը տիեզերքի մեջ, Տիեզերքը մարդու մեջ»։ Ըստ նկարիչ Անդրանիկ Ավետիսյանի՝ սարդոստայնը տիեզերքում օբյեկտների միջև էներգետիկ կապի պատկերն է։
Այս աշխատանքները այցելուների մոտ արթնացնում են այն համոզմունքը, որ ստեղծագործ մտքի համար չկան սահմաններ, և անհրաժեշտ է միայն կարողանալ նկատել ցանկացած առարկայի թաքնված գեղեցկությունը։
Այս ինքնատիպ պատկերասրահը լուրջ խթան է հանդիսացել Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար։
Այն ներառված է բազմաթիվ տուրիստական կազմակերպությունների երթուղիներում և դարձել է զբոսաշրջիկների համար քաղաքի ամենասիրված ու պարտադիր այցելության վայրերից մեկը՝ ամրապնդելով արվեստ-հասարակություն կապը։
Հասցե՝ Հայաստան, ք. Գյումրի, 26 Կոմիսարների փողոց, 97/10
Աշխարհագրական կոորդինատներ՝ 40°47'34.64610"N 43°50'15.02876"E