Բացահայտիր Շիրակը- Մայր Հայաստան հուշարձան
· Գյումրի

Գյումրու հարավարևմտյան մասում՝ Սև բերդին կից բարձունքի վրա վեր հառնող «Մայր Հայաստան» հուշարձանը քաղաքի ամենատպավորիչ և խորհրդանշական կոթողներից է։
Այն հանդիսավոր կերպով բացվել է 1975 թվականի մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակի առթիվ, և կոչված է հավերժացնելու պատերազմին մասնակցած բազմաթիվ գյումրեցիների հիշատակը։
Իր բնույթով այս հուշարձանը հանդիսանում է Երևանի Հաղթանակի հուշարձանի յուրօրինակ տարբերակը և կրում է երկակի իմաստ․ ճարտարապետական ու քանդակագործական մոնումենտալ միջոցներով մեծարում է հաղթանակը, հավերժացնում ընկածների հիշատակը, ինչպես նաև գովերգում խաղաղ աշխատանքը։
Հուշարձանը կազմված է երկու հիմնական մասից, որոնք իրենց դիրքով ու չափերով կատարելապես ներդաշնակվում են միմյանց՝ ստեղծելով մեկ ամբողջական համակցված կոմպոզիցիա։ 21 մետր բարձրությամբ սլացիկ պատվանդանը կառուցված է մուգ գույնի տուֆից։ Այն բարձրանում է բլրի վրա՝ ասես միաձուլվելով երկնքին, իսկ պատվանդանի սլացիկությունն էլ ավելի է ընդգծվում բոլոր ճակատների ծավալային ուղղահայաց մասնատման շնորհիվ։

Պատվանդանի ներքին հատվածում առկա են շքամուտք հիշեցնող ելուստներ, որոնք հարուստ են հայկական զարդարվեստի մոտիվներով և հաղորդում են գեղարվեստական հատուկ շեշտադրումներ։
Դեպի հուշարձանի հիմքը տանող երկկողմանի քարե աստիճանները և դրանց միջև սանդղաձև տեղաբաշխված ավազանները սկիզբ են առնում ընդարձակ դաշտից՝ ողջ համալիրին հաղորդելով հանդիսավորություն։
Պատվանդանի վրա վեր է խոյանում կոփած պղնձից պատրաստված 20 մետր բարձրությամբ արձանը, որը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ, էպիկական դիրքով։ Հպարտ կանգնած կիսամերկ կնոջ կերպարն առանձնանում է դասական գեղեցկությամբ, հաճելի կեցվածքով, հստակ սիլուետով և հագուստի ծալքերի պլաստիկայով։
Նրա մի ձեռքում Զվարթնոցի տաճարի խոյակն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործումն ու հայ ճարտարապետության հանճարը, իսկ մյուս ձեռքում՝ արմավենու ճյուղ։ Հատկանշական է, որ քանդակագործը հուշարձանի հետին հատվածը պատկերել է հունական վրեժխնդրության թևավոր աստվածուհի Նեմեսիսի կերպարով։
Համալիրի տարածքում՝ բլրի լանջին, աստիճաններից դեպի ձախ, թեք կառուցված խուլ պատուհանների միջև տեղադրված է զարդարանքից զուրկ խաչքարատիպ սյուն՝ «1941-1945» գրությամբ։ Հուշարձանի դիմաց գտնվում է հավերժական կրակով Անհայտ զինվորի գերեզմանը, իսկ կողքին վեր է բարձրանում սեղմված բռունցքի քանդակը։ Հուշարձանի համատեղ մտահղացման հեղինակներն են ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանը (ում աշխատանքին մասնակցել է նաև քանդակագործ Երեմ Վարդանյանը) և վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը։
Հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, հարավարևմտյան մաս, Սև բերդի հարևանությամբ
Կոորդինատները՝ 40°47′11″N 43°49′24″E