Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին-Վանիկ Մկրտչյան
· Արթիկ

Վանիկ Վարազդատի Մկրտչյանը հայ թատրոնի և կինոյի ճանաչված դերասան է, Հայաստանի վաստակավոր արտիստ է (2011 թ.)։
Նա ծնվել է 1950 թվականի մարտի 13-ին Արթիկում և կյանքից հեռացել 2020 թվականի հոկտեմբերի 17-ին՝ 70 տարեկան հասակում։
Մասնագիտական կրթությունը ստացել է նախ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում (1969-1972 թթ.), ապա ուսումը շարունակել Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1973-1978 թթ.)՝ ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում։ 1978 թվականից նա որպես դերասան աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ 2008 թվականից միաժամանակ հանդես է եկել Երևանի պետական Համազգային թատրոնում, ինչպես նաև համագործակցել է «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ։
Թատրոնում Վանիկ Մկրտչյանը կերտել է բազմաթիվ հիշարժան ու բազմապլան դերեր, որոնց թվում են Փիչեմը («Երեքգրոշանոց օպերա»), Ժուանը («Ժուան Գանգորա»), Ստրումելյոն («Չեմ վճարի»), Նիկոն («Ատամնաբույժն արևելյան»), Մոզին («Ախ, ներվեր-ներվեր»), Բլին («Հանգուցյալը շրջում է քաղաքում»), Օնիկը («Մեր աստղերի տակ»), Բանաստեղծը («Մեծապատիվ մուրացկաններ» և «Դու էիր պակաս»), Հանիբալը («Տարօրինակ միսիս Սևիջը»), Քամին («Կասկածը կնոջ սրտում»), Պապիկը («Շողոքորթն»), Պաղտասարը («Պաղտասար աղբար»), Կուպելյոն («Ծննդյան տոները սենյոր Կուպելյոյի տանը»), Գառնիկը («Վերջին կանգառ») և Կլառնետահարը («Էսպես մինչև երբ»)։
Բացի թատերական գործունեությունից, նա ակտիվորեն նկարահանվել է կինոյում և հեռուստասերիալներում։ «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերից նրա մասնակցությամբ հայտնի են Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», ինչպես նաև «Մարիամ» (Բաղդասարյանի) և այլ ժապավեններ։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում դերասանը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում և Բելգիայում։
Նրա տաղանդն ու նվիրումն արժանացել են բարձր գնահատականի։ 2010 թվականին «Պաղտասար աղբար» ներկայացման մեջ Պաղտասարի դերակատարման համար նա ճանաչվել է «Տարվա լավագույն դերասան» և արժանացել ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։ Նույն՝ 2010 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀԹԳՄ ոսկե մեդալով և Երևանի քաղաքապետի պատվոգրով։ Իսկ 2011 թվականին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը։