Բացահայտիր Շիրակը- Աբովյանների տուն (Աբովենց տուն)

· Գյումրի

Բացահայտիր Շիրակը- Աբովյանների տուն (Աբովենց տուն)

Աբովյանների տունը (կամ Աբովենց տունը) Գյումրիի պատմական միջավայրի և «Կումայրի» արգելոց-թանգարանի ամենատպավորիչ ու ինքնատիպ կառույցներից մեկն է, որն ունի հարուստ պատմամշակութային և կինեմատոգրաֆիական կենսագրություն։

Շենքը ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

​Այս հուշարձանը կառուցվել է 1860-ական թվականներին գյումրեցի հայտնի վաճառական Խաչատուր Աբովյանցի կողմից։

Շենքի կառուցման վավերագիրը՝ կառուցողի անունով և տարեթվով, մինչ օրս պահպանվել է մուտքի փականաքարի վրա։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում այստեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։

Ժամանակի ընթացքում համալիրը հետագայում համալրվել է նաև այլ կառույցներով. մասնավորապես, կառուցվել է ռուսական բանակի կապի հանգույցը, որն Ալեքսանդրապոլի համար դարձել է միակ փոստային բաժանմունքը։

​Հայաստանի խորհրդայնացումից հետո հարուստ առևտրականների տները, այդ թվում և այս շինությունը, ազգայնացվել են։

Մինչև 1960-ական թվականները շինությունը ծառայել է սահմանապահներին, իսկ հետագայում այստեղ կազմակերպվել են Լենինականի Մանկավարժական ինստիտուտի ռազմագիտության, երգ-երաժշտության դասերը։

​Շենքը երկհարկանի է, տան ճակատը հարդարված է տեղացիների կողմից «հորթի լեզու» անվանվող կիսաշրջանաձև զարդաքանդակ քիվերով։

Տունն առանձնանում է մինչ օրս պահպանված փայտե պատշգամբի հազվագյուտ օրինակով, որն առավել հայտնի է «Մեր մանկության տանգոն» կինոնկարից՝ որպես «Վառեմ-մարեմի բալկոն»։

​Այս շենքում 1985 թվականին նկարահանվել է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի՝ խորհրդային տարիներից հայտնի և մինչ օրս սիրված ողբերգակատակերգական «Մեր մանկության տանգոն» կինոնկարը։

Ֆիլմը նվիրված է Հայաստանի ամենասիրված, տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) մանկությանը և ընտանիքին։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և ներկայացնում են հետպատերազմյան կյանքի դրվագները Գյումրի քաղաքի օրինակով։ Ֆիլմի գլխավոր հերոսի, նրա նախկին կնոջ և պատերազմի ժամանակ կյանքը փրկած բուժքրոջ սիրո պատմությունն է։

​Շենքը մասնակի վնասվել է 1926 և 1988 թվականների երկրաշարժերի ժամանակ, ապա դարձել ապաստարան տուժածների համար։

Աստիճանաբար նոր բնակարաններ տեղափոխվելով՝ անօթևան գյումրեցիները հեռացել են պատմական շինությունից, որը, մնալով առանց խնամքի, սկսել է քայքայվել։ 2009 թվականին շենքով հետաքրքրվել է Մշակույթի նախարարությունը, և կառավարության որոշմամբ կառույցը «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմից փոխանցվել է նախարարության ենթակայությանը։ Երկու տարի անց՝ 2011 թվականին, սկսվել է շենքին կից հատվածի՝ Իսալապյանցի եկամտաբեր տան վերանորոգումը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Վերանորոգված հատվածում 2012 թվականից գործում է Շիրակի մարզային գրադարանը։

​Խոստացվել էր, որ շինության մյուս հատվածներն էլ կվերանորոգվեն, սակայն նոր աշխատանքներ չեն կատարվել։ Ներկայումս միայն Իսալապյանցի եկամտաբեր տան շենքում տեղակայված Շիրակի մարզային գրադարանի հատվածն է բարեկարգ։

Ներկայումս շենքը քանդված է ու փլուզման վտանգի տակ։

​Գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ Աճեմյան փողոցի սկզնամասում և Գյումրիի Կենտրոնական այգու հարևանությամբ։

​Կոորդինատներ. 40.783100, 43.840600