Բացահայտիր Շիրակը- Արևշատի պատմական եկեղեցին

Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկում՝ Շիրակի մարզի Արևշատ գյուղում է գտնվում ուշագրավ պատմամշակութային մի հուշարձանախումբ, որի կենտրոնական կառույցը 1880 թվականին կառուցված տեղի ծխական եկեղեցին է։
Այս սրբավայրն իրենից ներկայացնում է ուշ միջնադարյան և 19-րդ դարի հայկական հոգևոր ճարտարապետության ավանդական նմուշ։

Եկեղեցին արտաքուստ կառուցված է տեղական սրբատաշ քարից և ունի պարզ, երկթեք տանիքով երկարավուն կառուցվածք։
Շինության գլխավոր մուտքի վերնամասում՝ անմիջապես տանիքին, վեր է խոյանում սրածայր վեղարով պսակված գեղեցիկ, կամարակապ սյուներով զանգակատունը, որը հանդիսանում է կառույցի հիմնական դեկորատիվ և ճարտարապետական շեշտադրումը։
Եկեղեցու շրջակայքը բարեկարգված է, կանաչապատ և ունի սալարկված արահետ, որը տանում է դեպի մուտքը։
Աղոթասրահը բավականին ընդարձակ է, որի փայտաշեն առաստաղը հենվում է զանգվածեղ, սպիտակեցված սյուների վրա։ Խորանի հատվածը կառուցված է քարից, ունի կամարակապ խորշ, որտեղ տեղադրված է Տիրամոր պատկերով սրբապատկերը։

Եկեղեցու ներսում պահպանված են փայտյա նստարաններ, հնաոճ ջահեր և տարբեր հոգևոր պատկերներով որմնանկարներ ու նկարներ, որոնք ստեղծում են խաղաղ և աղոթական մթնոլորտ։
Այս պատմական կառույցի հարևանությամբ պահպանվել են նաև այլ հնություններ։
Եկեղեցու կողքին տարածվում են 17-18-րդ դարերի և 18-20-րդ դարերի հնամենի գերեզմանատները՝ արժեքավոր տապանաքարերով, ինչպես նաև 1980 թվականին կանգնեցված Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը (ԵԱԶ)։
Ողջ համալիրը գտնվում է պետական պահպանության ներքո։
Արևշատի այս պատմական եկեղեցին տեղակայված է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևշատ գյուղում՝ մարզկենտրոն Գյումրիից դեպի հարավ-արևելք ընկած տարածքում։
Հուշարձանի աշխարհագրական ճշգրիտ կոորդինատներն են՝ 40°41'45" N լայնության և 43°56'12" E երկայնության։
Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության