Բացահայտիր Շիրակը-Մեղրաշենի ամրոց

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Մեղրաշենի ամրոց

Հայաստանի պատմական հարուստ անցյալի ու մշակութային ժառանգության մասին են վկայում մեր երկրի տարբեր անկյուններում թաքնված հնամենի բնակավայրերը, որոնցից մեկը Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղն է։

Գյուղի տարածքում պահպանվել է մեր թվարկությունից առաջ 3-2-րդ հազարամյակներով թվագրվող հնագույն ամրոց, որը վկայում է տարածաշրջանի վաղեմի բնակեցման և ռազմավարական նշանակության մասին։

Ամրոցը կառուցված է բնական բարձրադիր ու ժայռոտ տեղանքի վրա, ինչը լրացուցիչ պաշտպանական առավելություն է տվել կառույցին։

Պատերի հիմնական հատվածները շարված են տեղական հսկայական, անմշակ ու կոպտատաշ քարերով (կիկլոպյան շարվածքի սկզբունքով), որոնք դարերի ընթացքում ենթարկվել են բնական հողմահարման։

Այսօր պահպանվել են հզոր պարսպապատերի ստորին շարքերը և քարե փլատակները, որոնք սփռված են բլրի լանջով մեկ։

Ամրոցի տարածքը հիանալի դիտակետ է եղել շրջակա հովիտներն ու ճանապարհները հսկելու համար։

Տեղի ավանդական արհեստների և կենցաղի մասին է փաստում տարածքում գտնվող 19-րդ դարի պատմական ձիթհանը։

Տեղակայումը. Հայաստան, Շիրակի մարզ, Արթիկի տարածաշրջան, մարզկենտրոն Գյումրիից 15 կմ հարավ-արևելք։

Կոորդինատները՝ 40°40'33"N 43°56'55"E

Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության