Բացահայտիր Շիրակը- Վերածնված «Սուրբ Խաչ» եկեղեցին Բանդիվանում

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղում վեր է հառնում տեղի պատմական եկեղեցին, որը հիմնանորոգումից և վերաօծումից հետո ստացել է «Սուրբ Խաչ» անվանումը։ 19-րդ դարի այս կառույցը, որը նախկինում հայտնի էր որպես Սուրբ Աստվածածին եկեղեցի, խորհրդային տարիներին արժանացել էր շատ այլ սրբավայրերի բախտին՝ փակվելով և ծառայելով որպես հացահատիկի ամբար ու պահեստ, ինչի հետևանքով տարիների ընթացքում զգալիորեն վնասվել ու քայքայվել էր։
Սրբավայրի վերականգնման ու հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են բարերարներ Կարապետյան ընտանիքի հոգածությամբ և միջոցներով։
Վերակառուցման ընթացքում առավելագույնս պահպանվել է պատմական բազիլիկ կառույցի նախկին ճարտարապետական տեսքը՝ հնարավորության սահմաններում օգտագործելով հին եկեղեցու բնօրինակ քարերը։ Կառույցի ամրացման և սեյսմակայունության ապահովման նպատակով նախկին հորինվածքին ավելացվել են նոր տարրեր՝ շքեղ զանգակատունն ու գեղաքանդակ խաչքարը, որոնք ոչ միայն ամբողջացնում են ընդհանուր համալիրի տեսքը, այլև հաղորդում են լրացուցիչ ամրություն։
Միաժամանակ ամբողջությամբ բարեկարգվել ու կանաչապատվել է եկեղեցու հարակից բակն ու տարածքը։
Եկեղեցու հանդիսավոր օծման արարողությունը կատարվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի ձեռամբ և գյուղի հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի մասնակցությամբ։
Համաձայն սահմանված կարգի՝ նախ իրականացվել է դռնբացեքի արարողությունը, որից հետո օծվել են եկեղեցու մկրտության ավազանը, սուրբ սեղանը, 6 կողմերն ու 2 սյուները, և մատուցվել է օրհնության կարգ։
Հատկանշական է, որ եկեղեցու գմբեթի խաչի և զանգի օրհնության ու օծման ծեսը տեղի էր ունեցել դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, ինչը նախապատրաստել էր սրբավայրի վերջնական վերածնունդը՝ բանդիվանցիներին պարգևելով երկար սպասված սեփական աղոթատունը։
Տեղակայում՝ Հայաստան, Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Բանդիվան (Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1940 մետր բարձրության վրա)
Կոորդինատներ՝ 40°57′22″N 43°48′11″E