Բացահայտիր Շիրակը- «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձան

· Գյումրի

Բացահայտիր Շիրակը- «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձան

Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում վեր է խոյանում «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» խորագրով հուշարձանը, որը նվիրված է 1988 թվականի ավերիչ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Այս նշանակալի հուշակոթողը տեղադրվել է 2008 թվականի դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի աղետալի տարելիցի 20-րդ տարում:

Հուշարձանի գլխավոր քանդակագործն է Ֆրիդ Սողոյանը, ով աշխատանքներն իրականացրել է իր երկու որդիների՝ Վահե և Միքայել Սողոյանների հետ :

​Հուշարձանն իրենից ներկայացնում է բուրգ հիշեցնող յուրօրինակ կոմպոզիցիա, որն ունի խորը խորհրդանշական իմաստ:

Քանդակի ամենաներքևի հատվածում պատկերված են փլատակներ, որոնց միջից զինվորը, բանվորը, հրշեջը, փրկարար շունը և մյուս արձագանքողները դուրս են բերում տուժածներին:

Այս տեսարանը մարմնավորում է աղետի առաջին օրերի ծանրագույն իրականությունը և փրկարարների անձնուրաց աշխատանքը:

Կոմպոզիցիայի ամենավերևում պատկերված է Մայր Հայաստանը, ով գրկել է երեխային: Ողջ հուշարձանը խորհրդանշում է աղետի պահին և դրանից հետո մարդկության միասնությամբ ուժեղ լինելու գաղափարը:

​Այս հուշակոթողի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում 2006 թվականից, երբ Ֆրիդ Սողոյանն իր 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կազմակերպված հոբելյանական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց հուշարձանի էսքիզը:

Ցուցահանդեսին ներկա ռուս քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովը, ով Սպիտակի երկրաշարժից հետո ակտիվորեն զբաղվել էր աղետի գոտում կազմակերպչական մեծածավալ աշխատանքներով, այնքան է ոգևորվում այդ գաղափարով, որ առաջարկում է աղետի 20-րդ տարելիցին նմանատիպ հուշարձան կանգնեցնել Հայաստանում:

​Գաղափարն իրագործելու նպատակով ստեղծվում է հոգաբարձուների հատուկ խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են անձամբ Նիկոլայ Ռիժկովը, Մոսկվայի առաջադեմ հայեր, ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ Նիկիտա Սիմոնյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, պետական գործիչ, երկրաբան Գրիգոր Գաբրիելյանցը և այլ հարգարժան անձինք:

Հուշարձանի ստեղծման գործնական աշխատանքները մեկնարկում են Մոսկվայի գեղարվեստա-արտադրական կոմբինատում, որտեղ քանդակը բրոնզապատվում է, ինչից հետո ռուսական ռազմական օդանավով տեղափոխվում է ուղիղ Գյումրի:

Հուշարձանի տեղադրման վայրը՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակը, այն ժամանակվա քաղաքապետին առաջարկել էր հենց ինքը՝ քանդակագործ Ֆրիդ Սողոյանը: Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի նախագահը և բազմաթիվ օտարերկրյա հյուրեր:

​Այն գտնվում է Գյումրի քաղաքում`Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում (40°47'1.644"N 43°50'28.392"E)