Բացահայտիր Շիրակը- Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան

Հայկական կերպարվեստի ամենավառ ու ինքնատիպ դեմքերից մեկի՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը Շիրակի մարզի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկն է:
Այս հոգևոր օջախը նվիրված է մեծանուն նկարչի կյանքին, ստեղծագործական ուղուն և հարուստ ժառանգությանը, որտեղ այցելուները հնարավորություն ունեն մոտիկից հաղորդակից դառնալու մինասական վառ գույներին ու կտավների խորությանը:
Թանգարանը հիմնադրվել է 1982 թվականի հուլիսի 21-ին՝ նկարչի հայրենի Ջաջուռ գյուղում: Այնտեղ ներկայացված են Մինաս Ավետիսյանի հեղինակած բնօրինակ կտավները, նրա անձնական իրերը, ինչպես նաև նրա որդու հեղինակած ստեղծագործությունները:
Այսօր թանգարանում ցուցադրվում է ավելի քան 30 բնօրինակ կտավ, ինչը հանդիսանում է Մինասի ստեղծագործությունների՝ աշխարհում ցուցադրվող ամենամեծ հավաքածուն:
Այս մշակութային կառույցն ունի բավականին տպավորիչ, բայց միևնույն ժամանակ դրամատիկ պատմություն: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով թանգարանի շենքը լիովին ավերվել էր:
Աղետից հետո, մինչև նոր շենքի կառուցումը, թանգարանի թանկարժեք ցուցանմուշները խնամքով պահվել ու պահպանվել են Մինաս Ավետիսյանի հարազատների մոտ:
Տարիներ անց՝ 2003 թվականին, ամերիկահայ մեծարժեք բարերար Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի հիմնադրամի» ֆինանսավորմամբ սկսվեցին թանգարանի նոր շենքի կառուցման աշխատանքները: Շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար հատկացման շնորհիվ վերահառնեց ժամանակակից ու գեղեցիկ մի կառույց, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2005 թվականին:
Թանգարանը տարիների ընթացքում շարունակել է հարստանալ նոր արժեքներով: Այսպես, 2010 թվականին այստեղ է տեղափոխվել նաև Մինասի հանրահայտ «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը, որն առանձնակի շուք ու խորհուրդ է հաղորդում ցուցադրությանը: Տուն-թանգարանն այսօր իսկական ուխտատեղի է արվեստասերների համար, ովքեր ցանկանում են զգալ հայկական լեռնաշխարհի ու գյուղական կյանքի շունչը՝ արտացոլված հանճարեղ նկարչի վրձնահարվածներում:
Տեղակայումը. Հայաստան, Շիրակի մարզ, գյուղ Ջաջուռ
Կոորդինատներ. 40°51′21″N 43°57′18″E