Հրանտ Թադևոսյանը վարպետաց դաս է անցկացրել Արթիկի գեղարվեստի դպրոցի սաների համար. Արթիկի համայնքապետարան
· Արթիկ

Արթիկի համայնքապետարանից հայտնում են, որ Արթիկի Հրանտ Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները Վարպետի գլխավորությամբ վարպետաց դաս են անցկացրել Հառիճավանքի մերձակայքում։
Դպրոցի սաների և ուսուցչական կազմի համար մեծ ոգևորություն և պատասխանատվություն է եղել Հրանտ Թադևոսյանի գլխավորությամբ դասապրոցեսի անցկացումը, նրա մասնագիտական դիտարկումները և նկատառումները լսելը։
Վարպետաց դասի ավարտին Հրանտ Թադևոսյանն ասել է, որ մեծ պատիվ է իր անունը կրող դպրոցի սաների և ուսուցիչների հետ պարապմունք անցկացնելը և հորդորել պատանի նկարիչներին մշտապես կապը պահպանել հայրենի բնաշխարհի հետ` ստեղծագործական ընկալումներն ավելի պատկերավոր և անհատական դարձնելու համար։
Անդրադառնալով դասապրոցեսի խորհրդին` Հրանտ Թադևոսյանը խոսել է արվեստագետի և հայրենի եզերքի կապի մասին։
Նա նշել է, որ ավանդույթները մեր համայնքի գոյության առանցքն են, իսկ մեր տարածաշրջանում ապրում է մեծ մշակույթն իր մեջ կրող ստեղծարար և արարող հնագույն ժողովուրդ, և յուրաքանչյուր արվեստագետի պարտքն է այդ մշակույթը պահպանել և ներկայացնել աշխարհին։