Բացահայտիր Շիրակը-Վարդաղբյուր

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Վարդաղբյուր

Շիրակի մարզի հյուսիսային բարձրադիր սարահարթում է գտնվում Վարդաղբյուր գյուղը, որը նախկինում կրել է Գյուլլիբուլաղ անվանումը և վերանվանվել 1936 թվականին։

Այս չքնաղ բնակավայրի անվանումն ունի խորհրդանշական բացատրություն՝ «վարդի նման գեղեցիկ և աղբյուրի պես քաղցրաձայն (քչքչան)»։

Գյուղը կարևոր հանգույց է Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհահատվածում։

​Այս գողտրիկ բնակավայրի բնակչությունը թեև փոքրաթիվ է, սակայն աչքի է ընկնում իրենց ուրույն բնավորությամբ. այստեղ ապրում են բարի հոգով , նամուսով, հյուրասեր ու ամուր կամքի տեր մարդիկ։

Տեղացիների նախնիների մի մասը 1829-1830 թվականներին գաղթել է Արևմտյան Հայաստանի Էրզրումի (Կարին) ու Բասեն գավառի գյուղերից։ Բնակիչներն այսօր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։

​Վարդաղբյուրն աչքի է ընկնում իր յուրօրինակ կլիմայական պայմաններով և պատմամշակութային ժառանգությամբ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 2040-2070 մետր բարձրության վրա։ Ամռանն այստեղ կարելի է ստանալ հիասքանչ ծովափնյա արևայրուք՝ շնորհիվ մաքուր սարնի քամիների և արևային ջերմ ճառագայթների։

Ձմեռները խիստ են ու ձյունառատ. ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -30-ից -35 աստիճան, իսկ ձյան շերտի բարձրությունը հաճախ անցնում է 1 մետրը։ Գյուղում կան պատմական արժեքավոր կառույցներ՝ 1700 թվականին կառուցված եկեղեցի, արևմտյան բարձունքի վրա գտնվող Սուրբ Ղազարոսի անվան խաչքարատիպ հուշարձանը, ինչպես նաև 1968 թվականին կանգնեցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանը։

​Տեղակայումը և կոորդինատները՝

Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, մարզկենտրոն Գյումրիից մոտ 17-27 կմ հյուսիս

Կոորդինատներ. 40°57′0″N 43°55′0″E։