Բացահայտիր Շիրակը- Լեռնակերտի հնագիտական համալիր

Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի տարածքում է գտնվում Հայաստանի հնագույն պատմամշակութային արժեքներից մեկը՝ Լեռնակերտի հնագիտական համալիրը, որը հայտնի է նաև որպես «Վարի բերդ» կամ Հոխեի ամրոց-բնակատեղի և դամբարանադաշտ։
Այս բազմաշերտ հնավայրը վկայում է տարածաշրջանի հազարամյակների պատմության և զարգացած մշակութային կյանքի մասին։
Հնագիտական համալիրը զբաղեցնում է շուրջ 6.5 հեկտար տարածք և ներառում է միջնադարյան պարսպապատեր, կառույցների հետքեր, ինչպես նաև տարբեր դարաշրջանների պատկանող հին դամբարանադաշտեր։
Համալիրի գագաթը եզրագծված է 1.6–2 մետր բարձրության պարսպաշարով, որի ներսում պահպանվել են բազմաձև կառույցների հետքեր։ Արևելյան և հարավային լանջերը բաժանված են հարթակների, որոնք առանձնացված են պարսպապատերով։

Համալիրի արևմտյան անկյունում աչքի է ընկնում շրջանաձև հիմքով աշտարակատիպ շինություն, ինչպես նաև 0.5–0.7 մետր բարձրությամբ պատաշար, որի ներսում գտնվում է ուղղանկյուն երկշարք պատերով կառույց։
Հետախուզական և հնագիտական աշխատանքների շնորհիվ բացահայտվել են հնավայրի բազմաթիվ մշակութային շերտերը։ Բնակեցման վաղագույն փուլերը վերաբերում են արտադրող տնտեսության ձևավորմանը՝ նոր քարի և պղնձաքարի դարերին (մ.թ.ա. VIII-VI հազարամյակներ)։

Համալիրում ներկայացված են նաև վաղ բրոնզի դարը (մ.թ.ա. IV-III հազարամյակներ), միջին բրոնզի դարը (մ.թ.ա. XX-XVI դարեր), ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերը (մ.թ.ա. XIV-IX դարեր)։ Ուրարտական շրջանը և հաջորդող հետուրարտական, անտիկ ու միջնադարյան տարբեր ժամանակաշրջանների հետքերը վկայված են ինչպես վերգետնյա խեցեղեն առարկաների տեսքով, այնպես էլ տարաբնույթ կառույցներով։
Տարածքում իրականացված պեղումների և վերգետնյա որոնումների արդյունքում հայտնաբերվել է հարուստ նյութական մշակույթ։ Գտածոների թվում են խեցեղենի բեկորներ (կճուճներ, կարասներ, քրեղաններ, սափորներ), կավե և քարե հորեր, երկրագործական գործիքներ, բրոնզից ու երկաթից պատրաստված զենքեր, զարդեր, քարե կուռքեր, դաշույններ և պատկերազարդ գոտիներ։
Այս ամենը փաստում է, որ հնավայրում բարձր զարգացման են հասել խեցեգործությունը, քարամշակումը և առևտրի տարբեր ճյուղերը։ Լեռնակերտի հնագիտական համալիրը կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի մշակույթի և հնագույն պատմության ուսումնասիրության գործում։
Տեղադրություն Շիրակի մարզ, Լեռնակերտ համայնք (նախկինում՝ Սիրվանջուղ, Շիրվանջուղ), գյուղից 1.2 կմ հարավ-արևմուտք, Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին, ծովի մակարդակից 2019 մետր բարձրության վրա։ Կոորդինատներ N40,33.300, E43,55.870
Լուսանկարը` Լեռնակերտի արշավախումբ, 2019