Գյումրիում առաջնահերթությունը բնակարանաշինությանն ու սոցիալական ծրագրերինն է. Ավետիս Առաքելյան
· Գյումրի

Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը զանգվածային լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է քաղաքում առկա այն առաջնահերթ խնդիրներին ու ծրագրերին, որոնք վերջին շրջանում հանրային լայն քննարկումների և քննադատությունների կենտրոնում էին։
Առաքելյանի ընդգծմամբ՝ քաղաքային իշխանությունների օրակարգային ամենակարևոր հարցը Գյումրիում բնակարանաշինության ակտիվացումն է։ Այս ուղղությամբ քաղաքապետարանն արդեն ունի պատրաստի մի շարք նախագծեր, որոնք մոտ ապագայում կյանքի կկոչվեն։
Բնակարանային խնդրի լուծման նպատակով քաղաքապետարանն իրականացնելու է սոցիալական բնակարանաշինության մի քանի ծրագիր, որոնց թվում են՝
• Ռադիոգործարանի հանրակացարանի հիմնանորոգումը. Վարդ Բաղ թաղամասում գտնվող նախկին Ռադիոգործարանի հանրակացարանային շենքերից մեկը համայնքային բյուջեի միջոցներով ամբողջությամբ կհիմնանորոգվի։ Վերակառուցված սոցիալական բնակարանները հատկացվելու են տնակներում բնակվող ընտանիքներին։
14 համայնքային բնակարանների նորոգումը. Նույն՝ Վարդ Բաղ թաղամասում գտնվող համայնքային ենթակայության 14 բնակարանների վերանորոգման շինարարական մրցույթն արդեն կայացել է, և աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նորոգումից հետո դրանք նույնպես որպես սոցիալական բնակարաններ կհանձնվեն տնակաբնակ գյումրեցիներին։
Քաղաքում վերջին շրջանում շատ քննարկված մյուս կարևոր ձեռնարկը թափառող կենդանիների խնդրի կարգավորումն է։
Ավետիս Առաքելյանի հավաստմամբ՝ առաջիկայում իրականություն կդառնա նաև Գյումրիում շների ապաստարանի կառուցման ծրագիրը, ինչը էապես կթեթևացնի քաղաքում առկա լարվածությունը։
Առաքելյանը վստահեցրեց, որ նշված բոլոր ծրագրերը գտնվում են անմիջական հսկողության տակ, և դրանց իրագործումը թույլ կտա լուծել տարիներով կուտակված սոցիալական ու քաղաքային կարևոր խնդիրները։