Բացահայտիր Շիրակը- Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը Գյումրիում
· Գյումրի

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը Գյումրիի ամենանշանավոր մշակութային և հուշային կենտրոններից մեկն է, որն ընդգրկված է քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ու հանդիսանում է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի բաղկացուցիչ մասը։

Շենքը կառուցվել է 1886 թվականին և սկզբնապես պատկանել է տեղի մեծահարուստ վաճառականի։ 1983 թվականի հուլիսին Հայաստանի կառավարության որոշմամբ տունը նվիրվել է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին՝ նպատակ ունենալով այն հետագայում վերածել տուն-թանգարանի։
Սակայն բանաստեղծը չհասցրեց ապրել այս տանը, քանի որ մեկ տարի անց՝ 1984 թվականի մարտին, հեռացավ կյանքից։
Թանգարանի հիմնադրման հետագա ընթացքը ընդհատվեց 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառով։ Դեռ չբացված թանգարանի շենքում հանգրվանեցին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բազմաթիվ ընտանիքներ։
Միայն 2000-2002 թվականների ընթացքում Գյումրու քաղաքապետարանի կողմից այդ ընտանիքներին բնակարաններ հատկացնելուց հետո շենքն ազատվեց, վերանորոգվեց և տարիներ անց՝ բազմաթիվ ջանքերի շնորհիվ, վերջնականապես բացվեց որպես թանգարան։
Այսօր 6 սենյակից բաղկացած հուշատանը պահպանվում և ցուցադրվում են Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը, տպագիր գործերը, ինչպես նաև նկարներ ու ստեղծագործություններ։

Առաջին սենյակը պատմում է բանաստեղծի մանկության տարիների մասին, իսկ երկրորդ սենյակը կահավորված է ճշգրտորեն այնպես, ինչպես եղել է Շիրազի կենդանության օրոք։ Մյուս 4 սենյակներում ամփոփված են հեղինակի ստեղծագործական ուղին արտացոլող նյութերը։ Թանգարանում առանձնակի արժեք են ներկայացնում նշանավոր արվեստագետների, այդ թվույմ՝ Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Արա Շիրազի և Սիփան Շիրազի կողմից բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված աշխատանքները։ Հետաքրքրական ցուցանմուշների շարքում է նաև գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքի լուսանկարը, որում նա իր շնորհակալությունն է հայտնում Շիրազին՝ Երևանում ցուցաբերած հյուրընկալ վերաբերմունքի համար։
Թանգարանը մշտապես պատրաստ է ընդունելու այցելուներին և ներկայացնելու մեծանուն բանաստեղծի կյանքն ու գրական ժառանգությունը։
Տեղակայում՝ Հայաստան, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարպետաց փողոց, 101 շենք (նույն փողոցում է գտնվում նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը)։
Կոորդինատներ՝ 40°47'15.43"N 43°50'35.41"E