Բացահայտիր Շիրակը-Երերույքի տաճար. Հայաստանի հնագույն ու խորհրդավոր բազիլիկը

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Երերույքի տաճար. Հայաստանի հնագույն ու խորհրդավոր բազիլիկը

Երերույքի տաճարը հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության ամենաառեղծվածային և վեհաշուք կոթողներից է, որը եռանավ բազիլիկ տիպի հնագույն օրինակ է։

Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում՝ Անիպեմզա գյուղի հարևանությամբ, Ախուրյան գետի ձախ ափին՝ պատմական Անի մայրաքաղաքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։

Կառույցը թվագրվում է 4-5-րդ դարերով և հիմնադրվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ հավանաբար հեթանոսական մեհյանի տեղում։

Տաճարը կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից և աչքի է ընկնում իր ինքնատիպ հորինվածքով․ այն բարձրացված է 5-7 աստիճաններից բաղկացած պատվանդանի (ստիլոբատ) վրա, որն ամբողջությամբ շրջապատում է շենքը՝ հաղորդելով նրան անտիկ տաճարներին բնորոշ վեհություն։

Երերույքի անվան հետ կապված կա ժողովրդական մի ավանդություն, ըստ որի՝ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման շնորհիվ հեռվից նայելիս թվում էր, թե կառույցը երերում է։

Մեկ այլ վարկած անվանումը կապում է հեթանոսական «երեր» կամ մատաղ անելու սովորության հետ։

​Տաճարն ունի բարդ և հարուստ հորինվածք․ հարավային կողմից այն ունեցել է երկու, իսկ արևմտյան կողմից՝ մեկ շքեղ մուտք, որոնք տանում էին դեպի սյունազարդ սրահներ։

Շենքի անկյուններում տեղադրված են եղել քառակուսի սենյակներ, որոնք դուրս են ցցված հիմնական ծավալից։

Չնայած այսօր տաճարը գտնվում է կիսավեր վիճակում, այն շարունակում է մնալ մասնագետների ուշադրության կենտրոնում որպես վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենամեծ և արժեքավոր հուշարձաններից մեկը։

Համալիրի շուրջը պահպանվել են պարսպի հետքեր, ստորգետնյա սենյակներ և ընդարձակ սրահներ, որոնք վկայում են այնտեղ ժամանակին գոյություն ունեցած մեծ բնակատեղիի մասին։

Տաճարի հարևանությամբ նկատելի են նաև քարայրների մուտքեր, որոնք հավանաբար ծառայել են որպես ճգնարաններ կամ օժանդակ կառույցներ։

Երերույքի բազիլիկը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում և համաշխարհային մշակութային արժեք ներկայացնող օբյեկտ է։

Կոորդինատներ. 40.439972°N, 43.609222°E