Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին - Վարդուհի (Ռոզա) Խաչատրյան
· Գյումրի

Վարդուհի (Ռոզա) Կարապետի Խաչատրյանը հայտնի հայ երգչուհի է (մեցցո-սոպրանո), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1982 թ.)։ Ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 4-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 18 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան, որտեղ 1945-1948 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, իսկ 1949-1951 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Իր ստեղծագործական գործունեությունը սկսել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած կապելլայում։ Այնուհետև հանդես է եկել Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլում (Թաթուլ Ալթունյանի անվան) և եղել է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մեներգչուհի։
Վարդուհի Խաչատրյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով և արժանանալով պրոֆեսորի կոչման։ Համերգային տուրերով եղել էաշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների ու պատվոգրերի։
Նրա հարուստ երկացանկում ընդգրկված են եղել աշուղական և ժողովրդական երգեր, ինչպես նաև հայ անվանի կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Նիկոլ Գալանտերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Խաչատուր Ավետիսյանի, Աշոտ Սաթյանի, Անտոն Մայիլյանի, Խաչատուր Ներսիսյանի, Մանվել Բեգլարյանի և այլոց ստեղծագործությունները։ Նրա կատարմամբ հայտնի երգերից են «Կռունկ», «Մախմուր աղջիկ», «Իմ անուշ տավիղ», «Ղարաբաղի եղնիկ», «Ծիծեռնակ», «Լուռ գնաց» և այլ ստեղծագործություններ։
Վարդուհի Խաչատրյանը կյանքից հեռացել է 2015 թվականի օգոստոսի 23-ին Երևանում: