Բացահայտիր Շիրակը. Սիզավետ գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Շիրակի բարձրավանդակի պատմական բնակավայրերից մեկում՝ Սիզավետում, հավատքի և համայնքային միասնականության վառ վկայությունն է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Սրբատեղիի հիմնադրումը թվագրվում է 1857 թվականին, ինչը փաստում է, որ գյուղում հոգևոր տան անհրաժեշտությունը չափազանց մեծ է եղել, և կառույցը բարձրացվել է կարճ ժամանակահատվածում։
Այդ տարիներին տարածաշրջանում դեռևս ընթանում էին վերաբնակեցման գործընթացները, և ըստ Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» աշխատության տվյալների՝ 1873 թվականի դրությամբ բնակավայրում ապրում էր 30 հայ կաթողիկե ընտանիք՝ ընդհանուր 234 շունչ բնակչությամբ։
Չնայած կառուցման պահին բնակչության փոքրաթիվ լինելուն՝ գյուղացիներն իրենց ջանքերով կանգնեցրել են բավականին ընդարձակ, միանավ, հարթ ծածկով և վերնասրահով օժտված աղոթատուն։
Սուրբ Ամենափրկիչը կանոնավոր գործել է ընդհուպ մինչև 1930-ական թվականների վերջը, երբ խորհրդային իշխանությունների կողմից կաթողիկե հոգևորականների գործունեությունն արգելվեց ողջ ՍՍՀՄ տարածքում, իսկ տաճարի շենքը վերածվեց գյուղատնտեսական պահեստի։ Հոգևոր կյանքի վերածնունդը սկսվեց 1990-ական թվականներին. Հ. Միքայել վրդ. Մուրադյանը գյուղի դպրոցում վերսկսեց Սուրբ Պատարագի մատուցումը։
1993 թվականին բնակավայր այցելեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Հովհաննես Պետրոս XVIII Գասպարյանը՝ օրհնելով և աշխույժ ներշնչելով տեղի ծխական համայնքին։
1996 թվականին կիսավեր կառույցը մաքրվեց, և հունիսի 8-ին այնտեղ կատարվեց առաջին մկրտության արարողությունը։ Այնուհետև՝ 2002-2005 թվականների ընթացքում, իրականացվեցին լայնածավալ վերակառուցման աշխատանքներ։ Քանի որ հին պատերն ու խորհրդային տարիներին ավելացված թիթեղյա ծածկը քայքայված էին, իսկ մասնագետների գնահատմամբ դրանց ամրացումն անհնար էր, որոշվեց ապամոնտաժել սև տուֆից կառուցված վերին հատվածը և ստորին քարե հիմքի վրա բարձրացնել նոր պատեր՝ վարդագույն տուֆով։
Քանդված հին քարերից շատերը տեղադրվեցին եկեղեցու պարիսպների մեջ՝ պահպանելով իրենց պատմական տեսքը, իսկ խաչապատկերով քարերից մեկը զետեղվեց զանգակատան պատի մեջ՝ մուտքի վերևում։ Վերակառուցված եկեղեցին և նորակերտ փոքրիկ զանգակատունը 2005 թվականին հանդիսավորությամբ օծվեցին Արհ. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյանի ձեռամբ։
2001-2008 թվականներին գյուղում հովվական ծառայություն է իրականացրել Արժ. Տ. Գրիգոր քհն. Մկրտչյանը (ծնունդով հարևան Մեծ Սեպասարից), ում ջանքերով եկեղեցական խորհուրդներն ու Սուրբ Պատարագները դարձան կանոնավոր։
2018 թվականին «Հայկական Կարիտաս»-ի «Ծխական Հասարակական Խորհուրդներ» ծրագրի շրջանակներում և տեղի բնակիչների (մասնավորապես Արարատ և Հենրիկ Պողոսյանների) ակտիվ մասնակցությամբ կառուցվեց եկեղեցու բակի դարպասը և նորոգվեցին պարիսպները։ Նույն թվականին, Սիզավետից հրավիրված քարտաշ-վարպետ Արամի անհատույց աշխատանքի և գյուղացիների նվիրատվությունների շնորհիվ, կանգնեցվեց քարե Սուրբ Սեղանը, որի միջնամասում տեղադրվեց Տիրոջ Խաչափայտի մասունքը։ Սուրբ Սեղանը 2019 թվականին օծվեց Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի ձեռամբ։
Տեղակայումը. Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Սիզավետ գյուղ
Կոորդինատները.
38.8322, 43.8347
Լուսանկարը`Armenianchurchco. com-ի