Անի համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայց է կատարել բնակավայրերում. Անիի համայնքապետարան
· Անի

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Քարաբերդ բնակավայր, որտեղ հետևել է կառուցվող մանկապարտեզի աշխատանքներին:
Արման Սարիբեկյանը նկատել է, որ շինաշխատանքների տեմպը ուժեղացվել է և ամեն ինչ պետք է անել, որ մանկապարտեզը շահագործման հանձնվի որակյալ ու սահմանված ժամկետներում :
Այնուհետ համայնքի ղեկավարը եղել է Ձիթհանքով բնակավայրում: Ներկա պահին վարչական տարածքում հուլիսի 17-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գյուղացիներին հասցված վնասների չափերն են ճշգրտվում ու գույքագրվում : Արման Սարիբեկյանը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը, միաժամանակ զգուշացրել, որ նման դեպքերից զերծ մնալու համար հարկավոր է ձեռք բերել գյուղատնտեսական ապահովագրություն :
Հաջորդ կանգառը Բագրավանն էր: Այստեղ համայնքի ղեկավարը հետևել է Անիավան, Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացման շինաշխատանքներին, դրանք, ըստ Արման Սարիբեկյանի դիտարկման, այնքան էլ գոհացնող չեն : Համայնքի ղեկավարը հորդորել է շինարարին խստորեն հետևել նախագծում առկա չափորոշիչներին և աշխատանքներն իրականացնել բարձր որակով:
Ամառվա տապին՝ խմելու ջրի խնդիր նաև Լուսաղբյուր և Շիրակավան բնակավայրերում : Արման Սարիբեկյանն այցելել է Լուսաղբյուր բնակավայր, որտեղ քննարկվել են Լուսաղբյուրում և Շիրակավանում խմելու ջրի մատակարարման հետ կապված հարցերը: Առկա է ջրի կորուստ: Համայնքի ղեկավարը հանձնարարել է վերոնշյալ բնակավայրերի վարչական ղեկավարներին «Անի կոմունալ տնտեսություն» ՀԲՀ աշխատակիցների հետ սեղմ ժամկետում գտնել կորստի պատճառները կամ հնարավոր վթարված հատվածները, վերացնել դրանք և բնակիչներին ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Գուսանագյուղում Արման Սարիբեկյանը հետևել է վարչական կենտրոնի շենքում գտնվող դահլիճի վերանորոգման, ինչպես նաև Գուսանագյուղով անցնող Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին: