Շիրակի մարզպետը երկաթուղայինների մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է ոլորտի նվիրյալներին. Շիրակի մարզպետի աշխատակազմ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր մասնակցել է երկաթուղայինների օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղում։
Միջոցառմանը ներկա են եղել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Գյումրի» գծային կայարանների միավորման պետ Սիմավոն Դանիելյանը, ընկերության աշխատակիցներ, հյուրեր։
Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Դավիթ Առուշանյանը կարևորել է երկաթուղային հանգույցի առանձնահատկությունն ու անխափան աշխատանքը տարածաշրջանում. «Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ։ Տարիներ շարունակ երկաթուղին կարևոր դեր է ունեցել մեր երկրի համար։ Լիահույս եմ, որ առաջիկայում երկաթուղային կապը կաշխատի նաև մեր մյուս հարևան երկրների հետ, ինչը կնպաստի բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների զարգացմանը, տնտեսության աճին և նոր հնարավորությունների ստեղծմանը։ Վստահ եմ, որ երկաթուղու ամբողջ ներուժի արդյունավետ օգտագործումը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին, տարածաշրջանային համագործակցության խորացմանը և մեր երկրի կայուն զարգացմանը»։
Շիրակի մարզպետը երկաթուղային համակարգի բնականոն և կայուն զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, բազմամյա բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար պատվոգրով պարգևատրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Գյումրի» գծային կայարանների միավորման պետ Սիմավոն Դանիելյանին, շնորհակալագրեր է հանձնել ընկերության մի շարք աշխատակիցների։