Ապրիլի 24-ին Շիրակի մարզում տեղի կունենան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Շիրակի մարզի մի շարք համայնքներում կազմակերպվում են ոգեկոչման միջոցառումներ և տրանսպորտային անվճար փոխադրումներ։
Գյումրիում քաղաքապետարանը կազմակերպում է բնակիչների անվճար տեղափոխումը դեպի «Հերհերի ձոր» հուշահամալիր։
Ավտոբուսները կգործեն ժամը 10:00-ից մինչև 13:00-ն՝ մեկնելով Անկախության հրապարակից («Պրոգրես» համալսարանի հարակից կանգառից)։
Փոխադրումն իրականացվելու է ինչպես դեպի հուշահամալիր, այնպես էլ հետադարձ ուղղությամբ։
Արթիկ համայնքում տեղի է ունեցել միջոցառումների ժամանակացույցի փոփոխություն։ Ժամը 10:00-ին կմեկնարկի քայլերթ Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցից՝ զորամասի դիմացից դեպի Բարեկամության այգի։
Քայլերթից հետո Բարեկամության այգում տեղադրված Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ տեղի կունենա հարգանքի տուրքի մատուցման և ծաղկեդրման արարողություն։
Ամասիա համայնքում ևս ժամը 10:00-ին կազմակերպվում է ոգեկոչման և ծաղիկների խոնարհման արարողություն, որը տեղի կունենա Ամասիայի կենտրոնական զբոսայգում տեղադրված խաչքար-հուշակոթողի մոտ։
Համայնքապետարանը հրավիրում է բոլոր բնակիչներին, ՀՈԱԿ-ների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներին՝ միասին հարգելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։