Բացահայտիր Շիրակը-Արևշատ գյուղ

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում՝ Մանթաշ գետի ափին է տեղակայված Արևշատ գյուղը։ Բնակավայրը մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 23 կմ հարավ-արևելք։ Գյուղի պատմության կարևոր էջերից է բնակչության արմատների պատմությունը․ արևշատցիների նախնիները 1828–1830 թվականներին այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանի Կարսի Բվիկ, Ջամուշլու գյուղերից, ինչպես նաև Սարիղամիշից և Կարինից (Էրզրում)։
Արևշատն աչքի է ընկնում իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և սրբատեղիներով։ Գյուղում պահպանվել են XIV-XV դարերի եկեղեցի (որը վերանորոգվել է 1873 թվականին), ինչպես նաև տեղացիների ու ուխտավորների համար թանկ սրբավայրեր հանդիսացող «Կարմիր Ավետարան», «Սոլոյենց սուրբ» և «Մարինեենց սուրբ» մատուռները։
Գյուղի բնությունը ևս յուրահատուկ է՝ Մանթաշ գետի ափամերձ տեսարաններով, իսկ բնակչությունն աչքի է ընկնում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու ակտիվությամբ։
Արևշատցիները առանձնանում են շիրակցուն բնորոշ աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ և ավանդապահությամբ։ Լինելով պատմական Կարսից և Կարինից գաղթածների սերունդներ՝ գյուղացիները պահպանել են ամուր համայնքային կապերը, կամային բնավորությունը, ուրույն հումորն ու նվիրվածությունը սեփական հողին ու սրբություններին։
Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, Արթիկի տարածաշրջան
Կոորդինատները՝ 40°38′55″N 44°02′40″E