Շիրակի մարզպետը հյուրընկալել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

· Շիրակի Մարզ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ով մարզ էր այցելել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի շրջանակում։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախագծի այս փուլ ընդգրկված Շիրակի մարզի Առափի բնակավայրի բնակիչ Սուսաննա Փանոսյանը։ Նա այս տարի ավարտել է դպրոցը և նպատակ ունի ուսումը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատությունում։

Սուսաննան աշխատանքային այցի ընթացքում ուղեկցել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ հնարավորություն ստանալով ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել օրակարգային թեմաներին։

Ողջունելով Մարդու իրավունքների պաշտպանին՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է․ «Բարձր ենք գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը և կարևորում նման աշխատանքային հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս տեղում քննարկել բնակիչներին հուզող խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները։ Մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում շարունակել ակտիվ համագործակցությունը՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար»։

Հանդիպման ընթացքում Սուսաննա Փանոսյանը հարցեր է ուղղել մարզպետին՝ անդրադառնալով Առափի բնակավայրի ներհամայնքային ճանապարհի անբարեկարգ լինելուն, ինչը հատկապես դժվարացնում է հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա տեղաշարժը։

Նա հետաքրքրվել է նաև գյուղական բնակավայրերում երիտասարդների զբաղվածության հնարավորություններով և հարցրել, թե մարզպետի պաշտոնում գտնվելու ընթացքում որն է եղել ամենադժվար հաղթահարելի խնդիրը։

Ի պատասխան՝ Դավիթ Առուշանյանը նշել է, որ ամենադժվար իրավիճակներն այն դեպքերն են, երբ քաղաքացին դիմում է խնդրով, որի լուծումը լիարժեք ապահովել հնարավոր չէ, հատկապես, երբ այն առնչվում է մարդու կյանքի, առողջության կամ կենսական պայմաններին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը՝ կրթության հասանելիությանը, հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորություններին, մատչելի միջավայրի ապահովմանը և ոլորտում առկա այլ խնդիրների։

Շիրակի մարզպետն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները գտնվում են պետական մարմինների ուշադրության կենտրոնում և ամրագրված են գործող օրենսդրությամբ։