Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին-Ֆլորա Մարտիրոսյան
· Գյումրի

Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում (նախկին Լենինական): Նրա հայրը մարզիկ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի:
Ընտանիքում մեծանում էին չորս երեխա՝ երկու տղա և երկու աղջիկ, որոնցից ամենափոքրը Ֆլորան էր: Վոկալային բացառիկ տվյալները նա ժառանգել էր մորից:
Երաժշտական նախնական կրթությունը ստացել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, որից հետո ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան:
Երգչուհու մեծ բեմական ուղին մեկնարկեց 1973 թվականին, երբ նա մասնակցեց «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացավ առաջին մրցանակին: Հետագայում նրա կատարմամբ հայկական ժողովրդական երգերը սիրվեցին ու ճանաչում գտան ողջ աշխարհում:
1987 թվականին Ֆլորա Մարտիրոսյանն ամուսնացավ լրագրող Հրաչյա Գևորգյանի հետ: 1991 թվականին նրանք ընտանիքով տեղափոխվեցին ԱՄՆ (Լոս Անջելես), սակայն 1997 թվականին վերադարձան Երևան, որտեղ 1997–2001 թվականներին երգչուհին գլխավորեց Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
2001 թվականին ամուսնու աշխատանքային նշանակման հետ կապված ընտանիքը նորից տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ 2002 թվականին նա հիմնեց Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիան:
Ֆլորա Մարտիրոսյանը հայտնի էր նաև իր ակտիվ հասարակական և բարեգործական գործունեությամբ: 2007 թվականին նա հիմնեց "Artists for Peace" (Արվեստագետները հանուն խաղաղության) բարեգործական հիմնադրամը, որի շրջանակներում նախաձեռնեց "Never Again" (Այլևս երբեք) մշակութային շարժումը:
Այս նախագծին միացան աշխարհահռչակ երգիչներ և հոլիվուդյան գերաստղեր՝ իրենց ձայնը բարձրացնելով ընդդեմ ցեղասպանությունների:
2011 թվականի նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում կայացավ շարժման առաջին մեծ համերգը, որին մասնակցեցին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սթիվի Ուանդերը, Չակա-Խանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրանունը և շատ
ուրիշներ:
Նրա վաստակը բարձր է գնահատվել պետության կողմից. 2011 թվականի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով Ֆլորա Մարտիրոսյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա թողարկել է մի շարք սիրված ձայնասկավառակներ, որոնցից են՝ «Ծով աստղիկ» (1994), «Ունի վերադարձ» (1998), «Կանգնիր քարավան» (2002), «Քելե լաո» (2002), «Երազ տեսա» (2003), «Իմ ուղին» (2005), «Մենք» (2007) և «Փայլող աստղ» (2007):
Անվանի երգչուհին կյանքից հեռացավ 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:
Նրա աճյունը տեղափոխվեց Երևան, որտեղ դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ վերջին հրաժեշտի արարողությունը: Ֆլորա Մարտիրոսյանն ամփոփված է Երևանի քաղաքային պանթեոնում: