Ճանաչենք Շիրակի մարզի տաղանդներին - Վանիկ Մկրտչյան

· Արթիկ

Ճանաչենք Շիրակի մարզի տաղանդներին - Վանիկ Մկրտչյան

Վանիկ Վարազդատի Մկրտչյանը (ծնվել է 1950 թվականի մարտի 13-ին Արթիկում, մահացել՝ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին) հայ ականավոր դերասան է, Հայաստանի վաստակավոր արտիստ (2011 թ.):

​1969-1972 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1973-1978 թվականներին ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում:

​1978 թվականից աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում որպես դերասան, իսկ 2008 թվականից միաժամանակ հանդես է եկել Երևանի պետական Համազգային թատրոնում, ինչպես նաև համագործակցել է «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ:

​Թատրոնում կերտել է բազմաթիվ ճանաչված դերեր, որոնցից են՝Փիչըմ («Երեքգրոշանոց օպերա»), Ժուան («Ժուան Գանգորա»), Ստրումելլո («Չեմ վճարի»), Նիկո («Ատամնաբույժն արևելյան»), Մոզի («Ախ, ներվեր-ներվեր»), Բլի («Հանգուցյալը շրջում է քաղաքում»), Օնիկ («Սեր աստղերի տակ»), Բանաստեղծ («Մեծապատիվ մուրացկաններ»), Հանիբալ («Սարօրինակ միսիս Սկիջը»), Քամին («Կասկածը կնոջ սրտում»), Պապիկ («Շողոքորթն»), Պաղտասար («Պաղտասար աղբար»), Կուպելլո («Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը»), Գառնիկ («Վերջին կանգառ»), Բանաստեղծ («Դու էիր պակաս»), Կլարնետահար («Էսպես մինչև երբ»):

Թատերական գործունեությունից զատ նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում, այդ թվում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլ կինոնկարներում, ինչպես նաև մասնակցություն է ունեցել տարբեր հեռուստասերիալներում:

​Հյուրախաղերով ակտիվորեն հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում և Բելգիայում:

​Վանիկ Մկրտչյանի վաստակն արժանացել է մի շարք բարձր պարգևների ու մրցանակների՝ 2010 թ.-«Տարվա լավագույն դերասան» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ)՝ «Պաղտասար աղբար» ներկայացման համար:

• 2010 թ. — ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ:

• 2010 թ. — ՀԹԳՄ ոսկե մեդալ:

• 2010 թ. — Երևանի քաղաքապետի պատվոգիր:

• 2011 թ. — ՀՀ վաստակավոր արտիստ: