Բացահայտիր Շիրակը-Արփենի գյուղի պատմությունն ու հմայքը

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Արփենի գյուղի պատմությունն ու հմայքը

Արփենին Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի հնագույն ու հետաքրքիր պատմություն ունեցող բնակավայրերից է: Գյուղը հիմնադրվել է 1852 թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Իրիցու գյուղից գաղթածների կողմից: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1900-1970 մետր բարձրության վրա: Ոչ պաշտոնապես այն բաժանվում է Նոր և Հին Արփենիների. Նոր Արփենին կառուցվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո՝ արտասահմանցի շինարարների կողմից:

​Արփենին աչքի է ընկնում իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր սրբատեղիներով: Գյուղի տարածքում է գտնվում մ.թ.ա. V-III դարերի «Ալբերդ» ամրոցը: 1910 թվականին այստեղ ավարտվել է Աշոցքի շրջանի ամենամեծ եկեղեցիներից մեկի կառուցումը, որը, ցավոք, խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ, տուժել երկրաշարժից և 2013-ին ձյան ծանրությունից կորցրել տանիքի մեջտեղային հատվածը:

Գյուղի մոտակայքում է գտնվում տեղացիների կողմից սուրբ համարվող Բերդ լեռնագագաթը (2255 մ, որի տափարակ գագաթին կա աղոթատեղի: Արփենին հայտնի է նաև մշակութային իրադարձություններով. 2014 թվականի հունիսի 28-ին այստեղ անցկացվել է «Ավանդական հայկական տարազներ» փառատոնը, որին մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

​Արփենիի բնակիչներին բնորոշ է բարձրլեռնային բնակավայրերին հատուկ աշխատասիրությունը, համառությունն ու հյուրընկալությունը: Լինելով Ալաշկերտի գաղթականների սերունդներ՝ տեղացիները ամուր կապված են իրենց ավանդույթներին, հավատքին ու պատմական հիշողությանը: Չնայած խստաշունչ կլիմայական պայմաններին՝ գյուղացիները տոկունությամբ զբաղվում են անասնապահությամբ (տավարաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն), բուսաբուծությամբ (հիմնականում կարտոֆիլի մշակմամբ) և մեղվաբուծությամբ:

​Գյուղում կլիման բարեխառն է՝ ցուրտ ու ձմեռներով, իսկ տարեկան տեղումները կազմում են 400-700 մմ: Մոտակա բնակավայրերն են Թորոսգյուղն ու Փոքրաշենը:

​Տեղակայումը՝ ՀՀ Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս-արևելք:

Կոորդինատները՝ 40°54′52″N 43°53′59″E: