Բացահայտիր Շիրակը- Հայրենյացի Սուրբ Աստվածածին եկեղեցին

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը- Հայրենյացի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հայրենյաց գյուղում է գտնվում պատմական և հոգևոր կարևոր նշանակություն ունեցող Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կառույցը հիմնադրվել է 1881 թվականին և աչքի է ընկնում իր ճարտարապետական հետաքրքիր լուծումներով։ Սկզբնական շրջանում այն եղել է այդ ժամանակաշրջանին հատուկ բազիլիկ տիպի եկեղեցի, որը հետագայում վերակառուցվել է և դարձել գմբեթավոր, տեղադրվել է խաչը։

​Ըստ գյուղի բնակիչների փոխանցած ավանդության՝ եկեղեցին ունեցել է հատուկ վերնամաս, որը ծանր ու վտանգավոր ժամանակներում թշնամիներից պաշտպանվելու համար ծառայել է որպես թաքստոց կանանց և երեխաների համար։ Խորհրդային տարիներին, ինչպես հայկական շատ այլ հոգևոր կառույցներ, եկեղեցին դադարել է գործել ըստ նշանակության և օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։

​2000-ական թվականներին ծնունդով Հայրենյաց գյուղից, բարերար Սոս Անդրեասյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ մեկնարկեցին եկեղեցու վերականգնման լայնամասշտաբ աշխատանքները։ Վերանորոգման ճարտարապետն է Սուրեն Կուռագյանը։ Վերականգնման ընթացքում եկեղեցին ամբողջությամբ նորոգվեց, հարստացվեց նոր որմնանկարներով և վերագտավ իր պատմական տեսքը։

​Աշխատանքների ավարտից հետո եկեղեցին վերաօծվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ։ Եկեղեցու զանգերը նվիրաբերվել են ծնունդով Հայրենյացից, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող եղբայրներ Արամայիս և Միշա Մաթևոսյանների կողմից։

​Այսօր Սուրբ Աստվածածին եկեղեցին Արթիկի թեմի առաջատար հոգևոր կենտրոններից է, որի հոգևոր հովիվն է Տեր Եղիշե քահանան։ Եկեղեցում կանոնավոր կերպով կատարվում են Սուրբ Պատարագներ, մկրտության և պսակադրության արարողություններ։ Այն սիրված հոգևոր վայր է ոչ միայն տեղացիների, այլև հարակից բնակավայրերի բնակիչների համար։

​Տեղակայում՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հայրենյաց

Կոորդինատներ՝ 40°37′58″N 43°52′14″E