Շիրակի մարզի համայնքներում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

· Շիրակի Մարզ

Շիրակի մարզի համայնքներում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Շիրակի մարզի խոշորացված համայնքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ և խնկարկման միջոցառումներ։

​Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի, քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող «Հերհերի ձոր» (Զարդի ձոր) հուշարձանի մոտ, որն ունի պատմական առանձնահատուկ նշանակություն։

​Արթիկում համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի և ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ծաղիկներ են խոնարհվել Բարեկամության զբոսայգու հուշախաչքարի մոտ։

Համայնքային ՀՈԱԿ-ների սաները հանդես են եկել «Ապրիլյան լռություն» խորագրով կատարումներով՝ նվիրված Մեծ եղեռնի 111-րդ տարելիցին։

​Աշոցք համայնքում ևս, համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ, աշխատակազմն ու բնակիչները հավաքվել են տեղի զբոսայգու հուշարձանի մոտ։

Շիրակի թեմի Աշոցքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Պետրոսյանը աղոթք է հնչեցրել նահատակների հիշատակի համար։

​Ամասիա համայնքի կենտրոնական զբոսայգում տեղադրված հուշակոթողի մոտ համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խոնարհման միջոցառում։ Հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Սարգսյանի առաջնորդությամբ ներկաները աղոթք են բարձրացրել սրբադասված զոհերի հոգիների խաղաղության համար, որից հետո ծաղիկներ են խոնարհվել հայկական պետականության խորհրդանիշները հավերժացնող հուշարձանին։